Էրեբունի ամրոցի միջնաբերդում մեկնարկել է պեղումների գործաշրջանը
Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008թ.-ից իրականացվող հայ-ֆրանսիական գիտատեխնիկական համագործակցության շրջանակում հուլիսի 2-ից մեկնարկել է 2013թ. պեղումների գործաշրջանը: Պեղումները կընթանան Խալդիի տաճարից դեպի արևելք տանող երթևեկելի առանցքով` նպատակ ունենալով կատարել ժամանակագրական ճշգրտումներ և պարզել երթևեկելի հատվածի նախնական նիշը: Այս մասին հայտնում են «Էրեբունի» արգելոց-թանգարանից:
Պեղումները կընդգրկեն նաև Խալդիի տաճարի արևելյան ճակատի երկայնքը: Հնագիտական միջամտություններին զուգահեռ կուսումնասիրվեն հնավայրի պեղվող հատվածներից հայտնաբերված խեցեղենն ու գտածոները, այդ տվյալները կհամադրվեն տաճարից հյուսիս գոյություն ունեցող կառուցվածքների տարրերի հետ` թույլ տալով մոտենալ սյունազարդ մեծ դահլիճի թվագրման խնդրին:
Գլոբալ առումով պեղումները թույլ կտան հասկանալ, թե արդյոք կյանքն Էրեբունիում շարունակվել է ուրարտական վերջին ժամանակաշրջանից մինչև աքեմենյան տիրապետություն ընկած միջակայքում: Դրանք թույլ կտան վերանայել նաև «ապադանա»-ի /հանդիսությունների սրահի/ թվագրությունը, որն ամենայն հավանականությամբ վերաբերում է Ք. ա. 6-րդ դարի 1-ին կեսին:
Հաշվի առնելով Էրեբունի ամրոցում օգտագործված նախնական շինանյութի` հում աղյուսի բեկունության բարձր աստիճանը` արշավախմբի և «Էրեբունի» արգելոց-թանգարանի մտահոգությունների կենտրոնում կլինի նաև նախորդ տարի պեղումներով բացված որոշ կառուցվածքների /ջրատարն իր ավազանով/ տևական պահպանության խնդիրը: Կքննարկվի նաև պեղումների այս հատվածը բաց թողնելու և հանրությանը ներկայացնելու հնարավորությունը:
Էրեբունի ամրոցում 2013թ. պեղումների ձեռնարկողը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն է: Ֆրանսիական արշավախումբը, ինչպես և 2008-2012թթ., ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Հայկական կողմի աշխատանքները այս տարի ղեկավարում է արգելոց-թանգարանի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Ազիզյանը: Պեղումները կտևեն 1 ամիս:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ հնագիտությամբ և հնագիտական ժառանգության պահպանության խնդիրներով հետաքրքրվողների համար ֆրանսիացի մասնագետները կանցկացնեն ճանաչողական դասախոսություններ, որոնց թեմաների և ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում