«Բոլոր բուհերը պետք է փակել և կպցնել պարոն Միրզախանյանին, որ կշտանա». Ա. Մազմանյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը «Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով, կրթական համակարգում, մասնավորապես իր ղեկավարած բուհում առկա խնդիրներին, նշել է. «Այնքան շատ շնորհալի երեխաներ կան, որ պետք է դիմեմ նախարարություն՝ խնդրանքով, որ պետպատվերների տեղն ավելի շատ լինի։ Որովհետև զգում ես, որ երեխան տաղանդավոր է, սակայն չի կարողանում սովորել գումարի պատճառով, սիրտդ ցավում է։ Կարծում եմ՝ ընթացիկ, լուծելի խնդիրներ են։ Ես, իհարկե, զարմանում եմ, փոխանակ մեզ արվեստի քոլեջ տան, տալիս են մանկավարժականին, մեր որոշ իշխանավորների տրամաբանությունը չեմ հասկանում։ Մենք էլ ենք վաղուց դիմել, որ մեզ տան քոլեջ, որ մենք հիմնավոր բազա ունենանք, 10-րդ դասարանի երեխան մտնի հոգևոր, մշակութային, հումանիտար ոլորտ, որպեսզի միանգամից գա ու ընդունվի բուհ։ ...Երևի Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակել ու կցել պարոն Միրզախանյանին, (Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն է). Երևի այդպես ինքը գոհանա, կշտանա։ Կարծում եմ, որ պետությունն իզուր ժամանակ և գումար է ծախսում»։