Քոչինյանը մեղադրում է քաղաքապետարանին. Նա մտադիր է անգամ ուղղաթիռ վարձել ու ներողություն խնդրել
Երևանից դեպի Աշտարակ տանող ճանապարհի փոսառատ հատվածի պատասխանատուն ու վերահսկողն այդպես էլ անհայտ է մնում: «Հայավտոճան»-ի տնօրեն Հենրիկ Քոչինյանը պնդում է, որ դա քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող ճանապարհ է, նույնիսկ մտադիր է ուղղաթիռ վարձել, ճանապարհը վերևից նկարել` ասածն ապացուցելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ BMW մակնիշի մեքենան կեսգիշերին մոտ ընկել էր փոսերից մեկը, ինչի հետևանքով մեքենայի մասեր էին կոտրվել, բացվել էին անվտանգության բարձիկները` մարմնական վնասվածքներ պատճառելով վարորդին: Ի դեպ, ճանապարհը չունի նաև լուսավորություն:
«Հայավտոճան»-ի տնօրեն Հենրիկ Քոչինյանը Panorama.am-ի «Աշտարակի խճուղու փոսերի տերը չի գտնվում. Դրանք լցնելու փոխարեն Ջումշուդիչն ու քաղաքապետարանն իրար են մեղադրում» հրապարակումից մի քանի օր անց զանգահարեց խմբագրություն ու պարզաբանումներ ներկայացրեց, մի քանի անգամ կրկնելով, որ այդ հատվածի համար իրենք չեն պատասխանատու:
«Մենք ճանապարհը սպասարկում են ՊՆ թիկունքի վարչության շենքից սկսած, 14.4 կմ-ից, այն տեղից, որտեղից սկսում է նշագծումը, դա մեր ճանապարհի սկիզբը դա է: Աջ կողմը` հոծ գիծ, մեջտեղը` ընդհատվող գիծ, ձախ կողմը` հոծ գիծ, բաժանարար գոտին անցնում եք, նորից: Քաղաքապետարանը նշագծում չի արել, չգիտեմ կանի, թե չի անի: Քաղաքապետարանի՞ն է, Պողոսի՞ն է, թե ումն է, մերը չի: Ես դրանով չեմ զբաղվում»,-ասաց Քոչինյանը:
Նա հավատացրեց, որ շաբաթական գոնե չորս անգամ այդ փոսառատ ճանապարհով անցնում է ու լավ գիտի, թե որտեղ են դրանք, ոնց պետք է շրջանցել:
Քոչինյանի խոսքով, եթե գծանշումից հետո փոսեր կան, ապա ինքը պատրաստ է ներողություն խնդրել: Նախարարության պաշտոնյանին փոխանցեցինք, որ քաղաքապետարանն էլ ասում է, որ իրենք սպասարկում են ճանապարհը մինչև «Ֆլեշ» բենզալցակայան ընկած հատվածը, որն ի դեպ, փոսալցված է:
«Քաղաքապետարանի ընկերներին կարող եմ հակասել հետևյալը. Մեր ճանապարհը սկսում է 14.4 կմ-ից»,-ասաց Քոչինյանը, Երևանի քաղաքապետարանին մեղադրելով, որ անգամ նշաններն են սխալ տեղում դնում:
«Էդ Երևանի նշանը իր տեղում չի դրած, իրենք իրենց նշանն էլ ճիշտ տեղում չեն դնում: Ես ուղղաթիռ պետք է վարձեմ, վերևից նկարեմ և ուղարկեմ ձեզ, ուրիշ տարբերակ չունեմ: Ես բավականին համբերատար եմ, բայց նաև ասում եմ հետևյալը, թույլ չեմ տա` իմ շահերին ոչ մեկը կպչի: Մեր հասանելիքը մենք լավ-վատ անում ենք, մնացածի համար ես չեմ կարող պատասխան տալ»,-ասաց «Հայավտոճան»-ի տնօրենը:
Նախորդող հրապարակումներ`
Աշտարակի խճուղու փոսերի տերը չի գտնվում. Դրանք լցնելու փոխարեն Ջումշուդիչն ու քաղաքապետարանն իրար են մեղադրում
Դեռ քանի մեքենա է հայտնվելու ասֆալտապատողի թողած փոսի մեջ. Ո՞ւր է վերահսկող մարմինը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները