Երևան, Թբիլիսի, Բաքու. Ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճել է այս քաղաքների նկատմամբ
Հայտնի Aviasales.ru որոնողական համակարգի մասնագետները արձանագրում են զբոսաշրջիկների հետաքրքրության նկատելի ավելացում այնպիսի ուղղությունների նկատմամբ, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Այս մասին համակարգից հայտնել են «Интерфакс-Туризм»-ին:
Մասնագետները, համեմատելով 2012 և 2013-ի հունիս ամսվա միտումները նշել են, որ Թբիլիսիի հանդեպ հետաքրքրությունն ավելացել է 27 տոկոսով: Սա թերևս բացատրվում է այն հանգամանքով, որ վերականգնվել են ուղիղ չվերթները դեպի Վրաստանի մայրաքաղաք, իսկ բացի այս Վրաստանի մասին շատ են գրում ռուսական լրատվամիջոցները:
Երևանը ևս սկսել է ավելի շատ հետաքրքրել ռուս զբոսաշրջիկներին, ընդ որում զբոսաշրջիկների թվի ավելացումը դեռևս չի անդրադարձել ավիատոմսերի գնի ավելացմանը: Բացի այս, աղբյուրը ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ գները բավականին մատչելի են նաև սպասարկման ոլորտում:
Նույն վիճակագրության համեմատ` Բաքուն այս տարի ընդունում է 30 տոկոսով ավելի շատ ռուս զբոսաշրջիկներ, սակայն այս ուղղության դեպքում առկա է ավիատոմսի 11 տոկոսանոց թանկացում: