Ինքը ծիրան չի թափել, այլ աղբ է թափել. «Նոյան»-ի տնօրենը մեկնաբանում է
«Ինքը ծիրան չի թափել, այլ աղբ է թափել», -արձագանքելով Panorama.am-ի հրապարակմանը մեզ հետ զրույցում ասաց «Նոյան» գործարանի տնօրեն Վահե Ղազարյանը:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի բնակիչ Ռուզիկ Կիրակոսյանը ասել էր, որ 1,5 տոննա ծիրանը թափել է գործարանի առաջ ու փոխհատուցում է պահանջում: «5 օր մեզ պահեց արևի տակ մեր բերքի հետ միասին: Իմ ապրանքը հենց իրանք փչացրին, չեն ընդունում, ու հիմա թափել եմ գործարանի հենց դեմը», -ասել էր գյուղացին: «Եկեք էդ ծիրանից կես կիլո ջոկեք, առեք, մենք կընդունենք էդ ապրանքը»,-նկատեց Ղազարյանը:
Դիտարկմանը, թե գյուղացին մի քանի օր հերթ է կանգնել ու սպասել, և ծիրանն էլ այդ հերթի մեջ փչացել է, գործարանի տնօրենն արձագանքեց. «Էդ հարցում մեր մեղքը չկա: Եթե տեսնում եք հերթը երկար է, ի՞նչ եք անում, որոշում եք սպասել կամ չսպասել կամ ուրիշ տեղ գնացեք հանձնեք: Մենք խոսք ենք տվել, որ ծիրանը կընդունենք: Բայց եթե մարդը դաշտից արդեն հասունացած ծիրանը լցրելա տակառների մեջ ու բերել հանձնելու…հիմա ինքն իրա արաղը թափելա ասֆալտին: Հիմա պետք ա գան իրան ըստ օրենքի տուգանեն, որ հասարակական վայրն ինքն աղբ ա լցրել ու պետք է հավաքի թափածը»:
Հարցին, թե չի՞ պատրաստվում գործարանը մթերել գյուղացու ծիրանը, Ղազարյանը պատասխանեց. «Ազիզ ջան, դա ծիրան չի: Եթե դուք կգաք ու էդ ծիրանից մի կիլո կառնեք, մենք ամբողջը կմթերենք: Էս գործարանն աշխատացնելը հեշտ գործ չի. սնունդ ենք չէ արտադրում, հո սովետի պետական զավոդ չի, պլան կատարենք: Մանկական սնունդ ենք արտադրում, հիմա պտի զիբիլ վերամշակե՞նք: Շիրա ծիրանը չոքեչոք առնում-բերում են, որ հանձնեն, մի հատ էլ ասում են, թե էս զավոդը, որ չլիներ, ով էր էս զիբիլը մշակելու: Սա սնունդ է: Մենք ոչ թե պետական ծրագիր ենք իրականացնում, այլ սնունդ ենք արտադրում. ոնց կարող է մարդը իրեն թույլ տա էդ ծիրանը հոսքագծի մեջ մտցնի»:
Կարդացեք նաև`
Գյուղացին 1,5 տոննա փչացած ծիրանը թափել է «Նոյան»-ի առաջ. պահանջում է փոխհատուցում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները