Գազի թանկացման հետևանքները. Ուղևորափոխդարող ընկերությունները սպառնում են գործադուլով
Հասարակական տրանսպորտը սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել, եթե մոտակա 1-2 ամիսներին չլուծվեն գազի թանկացման և դիզվառելիքի հետ կապված իրենց խնդիրները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը և Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրանց ներկայացմամբ, փոխադրում իրականացնող կազմակերպությունները լուծարման ռիսկի տակ են: Վարդան Փանոսյանն ասաց, որ իրենք ամենևին էլ չեն ցանկանում բարձրացնել ուղեվարձը: «Եկել ենք ասելու, որ մենք գնում ենք լուծարման, և եթե մեկ ամսում կառավարությունն ու տրանսպորտի նախարարությունը իրավիճակը չշտկի, որը տանում է ուղևորափոխադրողների լուծարման, քննարկումներից հետո գործադուլի մասին որոշում կկայացնենք»,–հայտարարեց Փանոսյանը` դժգոհելով, որ Հայաստանում տրանսպորտի և կապի նախարարություն չկա։
Փանոսյանը ներկայացրեց դեռ 2008 թվականին կատարած հաշվարկը, որի համաձայն, երթուղայինից օգտվող մեկ քաղաքացու ծախսը կազմում է 138 դրամ, իսկ հիմա, երբ թանկացել է գազը, այն կարող է լինել կրկնակի:
Գործադուլ պատրաստվում է անել հասարակական տրանսպորտը սպասարկող 65 կազմակերպություն: Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, այս գործադուլը կարող է հանգեցնել ուղևորափոխադրող կազմակերպությունների լուծարման:
Հիմնական տանջանքը, ըստ Հովհաննիսյանի, մնում է վարորդների ուսերին` 14-15 ժամ աշխատում են և չեն կարողանում սոցիալական խնդիրներ լուծել։ «Վարորդների հիմնական մասը, չկարողանալով լուծել սոցիալական խնդիրները, դուրս են գալիս երկրից։ Էսօր հա՛մ գազը, հա՛մ դիզվառելիքը կրկնակի թանկացել է, էսօր էդ փոխադրողների վիճակն էլ վիճակ չէ, մեր ուզածն էն ա, որ նենց անեն, որ մարդիկ տեղավորվեն գումարի մեջ»,–նկատեց նա։
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր խնդրին և տեղեկացրել, որ ոչ Երևանի քաղաքապետարանում, ոչ Տրանսպորտի և կապի նախարարությունում ուղևորափոխադրման ծառայության սակագնի փոփոխման հարց չի քննարկվում, չնայած այն բանին, որ հուլիսի 7-ից արդեն ուժի մեջ է մտել գազի նոր` բարձրացված սակագինը:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, 1 խմ գազի համար քաղաքացիները պետք է վճարեն 156 դրամ` գործող 132-ի փոխարեն:
Կարդացեք նաև`
Դ. Մելքոնյան. Հուլիսի 7-ից որևէ ընկերություն չի կարող ինքնակամ փոխադրավարձը բարձրացնել