Գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար օրական պետք է խմել 2-2.5 լ ջուր
Մաշկը միշտ ունի խոնավեցման և սնուցման կարիք, իսկ ամռանը ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել խոնավեցմանը, քանի որ այն հիմա ավելի շատ է ջրազրկվում։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոսմետոլոգ Սոնա Հարությունյանը:
Նա խոսքերով` մաշկին առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ամռանը` կապված բարձր ջերմաստիճանի և արևի ազդեցության հետ: Պետք է հիշել, որ ճիշտ հիդրատացիան օգնում է մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը, քանի որ այն նպաստում է մաշկային բջիջների ճշգրիտ աշխատանքին: Դեմքը, պարանոցը, ձեռքերը և նախաբազկի շրջանը ամենաշատն են տուժում ջրի պակասությունից:
Ս.Հարությունյանը նշեց, որ ամռան շոգին մեր մաշկը հատուկ խնամքի կարիք է զգում: Առողջ և գեղեցիկ մաշկի հիմքում ընկած է նրա մաքրությունը, այդ պատճառով ամռանը պետք է հաճախ լվանալ դեմքը, կամ մի քանի անգամ ցնցուղ ընդունել: Ջուրն ընդհանուր մաքրում է մաշկը քրտինքից ու փոշուց: Իսկ դեմքի մաշկը պետք է խնամել՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները:
Գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար կոսմետոլոգը խորհուրդ է տալիս օրական խմել 2-2.5 լ ջուր: Շոգ ժամանակ կարելի է ավելացնել քանակությունը, քանի որ շոգի հետ մեկտեղ մեծանում է նաև ջրի կորուստը օրգանիզմից : «Խմեք նույնիսկ եթե ծարավ չեք, քանի որ որոշակիորեն ջրազրկված օրգանիզմը դադարում է ծարավի զգացում ունենալուց»,- ասաց Ս.Հարությունյանը:
Կոսմետոլոգը նշեց նաև, որ տնային պայմաններում կարելի է դիմակներ պատրաստել: Ամռանը կարելի է օգտագործել մրգերից ու բանջարեղենից պատրաստված դիմակներ, որոնք հրաշալի մաքրում, սնուցում ու փափկեցնում են մաշկը: