Ի՞նչ անել, երբ հարևանդ խանգարում է գիշերային քունդ ու կեսօրի անդորրդ. Ոստիկանության պարզաբանումը
Panorama.am-ի խմբագրությունը վերջերս երևանաբնակ մի քանի քաղաքացիներից դժգոհություններ է ստանում հարևանների բարձրաձայն գործողությունների վերաբերյալ:
«Վերևի հարկում այնպես ուժեղ դռռոց է, որ իմ տանը այտերս վեր ու վար են լինում»,-այպես պատկերավոր վիճակը նկարագրեց Երևանի Կենտրոնի բնակիչներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հետաքրքրվում էր, թե ուրիշ երկրներում բազմաբնակարան շենքերի համար վերանորոգման աշխատանքները կանոնակարգող օրենքներ կամ կանոններ հաստատված չկա՞ն:
«Երբ հարևան տան բանվորները առավոտ 8:30-ից մուրճը ուղղակի գլխիս վրա են դմբդմբացնում, ես, բացի մայրուղի հանելու հստակ նպատակադրմամբ տեղից վեր կենալուց, հագնվելուց ու «հյուր» գնալուց, ուրիշ այլ՝ ավելի իրավական-ինքնապաշտպանական գործիք ունե՞մ, թե չէ»,-հարցնում էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ու նկատում, որ աղմուկ-աղաղակի պատճառ դարձած գործիքը եղել է առաջին բառը, որն իր երեխան արտասանել է` «բայգարկա»:
«Մի շաբաթ է` ես էլ եմ էդ դարդին... երկուշաբթիից ամեն առավոտ 8-ի կողմերը արթնանում եմ էն զգացումով, որ մահճակալս վեր թռավ ու ընկավ էլի հատակին....»,-ստատուսին արձագանքել է մեկ ուրիշ օգտատեր:
Խմբագրությանը դիմած սեփական տան բնակիչներից մեկն էլ դժգոհություն հայտնեց, որ իր հարևանը ժամը 6:30 որոշել է հենց պատուհանի դիմաց իր աստիճանը մեխի:
«Ասում եմ` գիշերը ուշ եմ եկել, քնել, ութին կանեիր քո գործը, պատասխանում է` 8-ին պիտի տնից դուրս գամ, մինչև էդ աստիճանը պետք է սարքած լինի»,-հարևանի հետ հարց ու պատասխանը ներկայացրեց քաղաքացին:
Մեկ ուրիշ քաղացի էլ բողոքում է, որ հարևանի երեխան դհոլի է գնում, մեկի հարևանը դզող-փչող է, մյուսինը` խմող-հայհոյող է:
Նման իրավիճակում հայտնված քաղաքացիները ո՞ւմ օգնությանը կարող են դիմել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ գիշերային ժամերին՝ ժամը 23.00-ից մինչև 07.00-ն, լռությունը խախտելը, այն է՝ բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը, բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում, բնակելի տարածություններում, բակերում, փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես գիշերային անդորրը խախտող այլ գործողությունները վարչական իրավախախտումները ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված զանցանք են և առաջացնում են վարչական պատասխանատվություն, և քաղաքացու դիմելու դեպքում ոստիկանությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ` զանցանք կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Ինչ վերաբերում է առավոտյան ժամը 08.30-ին հարևանի կողմից վերանորոգման աշխատանքներն աղմուկով կատարելու հանգամանքին, ապա քաղաքացու կողմից անհրաժեշտ է հարևանի հետ գալ փոխհամաձայնության, քանի որ օրենքով թույլատրելի ժամին նշված աշխատանքներն աղմուկով կատարելու համար ոստիկանությունն իրավասու չէ միջամտել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները