Որևէ մեկը չի խոսել Վերահսկիչ պալատի լիազորությունների սահմանափակման մասին. ՕԵԿ նախագահը` ՕԵԿ վարքագծի մասին
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պահվածքը մշտապես քննարկվում է կուսակցության քաղաքական խորհրդում: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումից հետո ՕԵԿ խմբակցության պահվածքը վերանայվի, քանի որ խմբակցության անդամները նույնպես քննադատում էին բյուջեից կատարվող ֆինանսական միջոցների մսխումները:
«Մեր խմբակցության բոլոր գործողությունները համաձայնեցված են քաղաքական խորհրդի հետ: Մենք պատգամավորի ելույթները չենք դարձնում …պատգամվորն ազատ է, անկաշկանդ է: Մենք քննարկում ենք քաղաքական մոտեցումը, և կուսակցության քաղաքական խմբակցությունը իր դիրքորոշումն արտահայտել է», -հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
Ընդդիմադիր գործիչները համոզված են, որ այս հաշվետվության քննարկումից հետո Վերահսկիչ պալատի մասին օրենքում կատարելիք փոփոխություններով ՎՊ լիազորությունները սահմանափակվեն, հնարավոր է նման բան հարցին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Որևէ մեկը չի խոսել Վերահսկիչ պալատի լիազորությունների նվազեցման մասին: Վերահսկիչ պալատը լիարժեք գործող պետական կառույց է: Տեղի է ունեցել առողջ քննարկում և դրա արդյունքում ընդունվել են համապատասխան որոշումներ: Մենք կոնկրետ կողմնակից ենք, որ Վերահսկիչ պալատը շարունակի իր լիարժեք գործունեությունը և վստահ եմ, որ այդպես էլ կլինի, իսկ գնահատականները լինեն պրոֆեսիոնալ, մասնագիտական, այլ ոչ թե քաղաքական: Քաղաքական գնահատականը տալիս է քաղաքական կառույցը: Պրոֆեսիոնալ կառույցը տալիս է մասնագիտական գնահատական»:
Հարցին, թե արդյոք Արթուր Բաղդասարյանը նույնպես այն կարծիքին է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը քաղաքական գնահատականներ է տվել, ՕԵԿ նախագահն ի պատասխան հիշեցրեց հենց Զաքարյանի խոսքը. «Իշխան Զաքրայանն ինքն իր խոսքում ասաց, որ պետք է զերծ մնալ քաղաքական գնահատականներից»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք բյուջեն «լափված» է, ինչպես պնդում էին խորհրդարանական մեծամասնության շատ ներկայացուցիչներ, Բաղդասարյանն արձագանքեց. «Ոչ, բյուջեն լափված չէ, կան չարաշահումներ, որոնք պետք է բացահայտվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են