Հնարամիտ դատապարտյալը. Բանտից զանգել է տարբեր գյուղապետերի, ներկայացել որպես փոխմարզպետ ու գումար շորթել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուտով մեկնարկելու է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 44-ամյա Համլետ Ղ-ի կրկնակի դատավարությունը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, Համլետ Ղազարյանը մեղադրվում է տարբեր մարզերի փոխմարզպետների անունից գյուղապետերին խաբելու և խաբեությամբ գումար շորթելու համար: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, երբ Համլետ Ղ.-ն բանտում կրում էր իր պատիժը, տարբեր մարզերի գյուղապետերին, ներկայանալով որպես տվյալ մարզի փոխմարզպետ, խաբեությամբ ու նաև դիտավորությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով 2012-ի օգոստոսի 5-ին, իր մոտ եղած բջջային հեռախոսով զանգել է և խոսել Տավուշի մարզի Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանի հետ: Գյուղապետի հետ խոսելիս ներկայացել է որպես Տավուշի փոխմարզպետ Վարդապետյան և հաջորդ օրը հետ վերադարձնելու պայմանով, խաբեությամբ Պողոսյանից հափշտակել է զգալի չափի՝ 95.000 ՀՀ դրամ գումար։
Սա Համլետի միակ հնարամտությունը չէ. այնուհետև 2012թ. օգոստոսի 13-ին դարձյալ բջջային հեռախոսով զանգել է Արարատ քաղաքում գործող «10 10» տաքսի ծառայության վարորդներից մեկի բջջային հեռախոսին և պատվիրել գնալ Արարատի մարզի Երասխ գյուղ, հանդիպել գյուղապետին, զանգահարել իրեն ու բջջային հեռախոսը փոխանցել նրան: Այդ ամենից հետո բջջային հեռախոսով խոսել է գյուղապետ Սերյոժա Ավետիսյանի հետ, ներկայացել որպես Արարատի փոխմարզպետ Մուրադյան և պահանջել է պարտքով տաքսի ավտոմեքենայի վարորդին փոխանցել 100.000 դրամ գումար, հաջորդ օրը վերադարձնելու պայմանով և խաբեությամբ Ս. Ավետիսյանից հափշտակել է զգալի չափի՝ 95.000 ՀՀ դրամ գումար։
Տեսնելով, որ բանտում զգալի շահույթ է ստանում, Համլետը շարունակում է նույն ոճով. 2012-ի օգոստոսի 22-ին զանգահարել է «Հաս-Վարդ» ՍՊԸ տաքսի ծառայության վարորդ Արմեն Առաքելյանին և պատվիրել գնալ Արարատի մարզի Աուրենավան համայնք: Այնուհետև, համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Մկրտչյանի հետ բջջային հեռախոսով խոսելով ներկայացել է որպես Արարատի փոխմարզպետ Աշոտ Մուրադյան և խնդրել է տաքսու վարորդին պարտքով փոխանցել 100.000 դրամ գումար, հաջորդ օրը վերադարձնելու պայմանով: Ստացվել է. խաբեությամբ Ռ.Մկրտչյանից հափշտակել է զգալի չափի 100.000 դրամ գումար, որը տաքսի ավտոմեքենայի վարորդ Ա. Առաքելյանը տարել է Հրազդան քաղաք, որպես փոխադրավարձ վերցրել է 13.000 դրամ, իսկ մնացած 87.000 դրամ գումարը պատվերի համաձայն դրել ծխախոտի տուփի մեջ և թողել է ինչ որ շինության պատի տակ ու հեռացել։
Այնուհետև, դատապարտյալ Համլետը զանգահարել ու խոսել է Արմավիրի մարզի Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանի հետ, ներկայացել է որպես Արմավիրի փոխմարզպետ Սամսոնյան և պարտքով գումար խնդրել, հաջորդ օրը հետ վերադարձնելու պայմանով` այդպիսով Աբրահամյանից հափշտակելքվ զգալի չափի՝ 30 000 ՀՀ դրամ գումար։
Նույն ոճով շարունակել է նաև օգոստոսի 31-ին իր հեռախոսով զանգել է Ապարան քաղաքում գտնվող «Նոտոֆ» տաքսի ծառայության վարորդ Աշոտիկ Սարգսյանի բջջային հեռախոսին, ներկայացել որպես Արագածոտնի փոխմարզպետ Արսենյան և պատվիրել գնալ Արագածոտնի մարզի Ափնագյուղ, հանդիպել գյուղապետ Ռոբերտ Կարապետյանին, զանգահարել իրեն ու բջջային հեռախոսը փոխանցել նրան։ Այնուհետև գյուղապետ Ռ.Կարապետյանին ներկայացել է, որպես Արագածոտնի փոխմարզպետ՝ Արսենյան և խնդրել է տաքսու վարորդին պարտքով փոխանցել 97.000 դրամ գումար, հաջորդ օրը վերադարձնելու պայմանով և այդ կերպ խաբեությամբ Ռ.Կարապետյանից հափշտակել է զգալի չափի՝ 97.000 դրամ գումար։
Արագածոտնի փոխմարզպետի անունից խոսել է նաև Հարթավան համայնքի գյուղապետի հետ ու պահանջել 97 հազար դրամ գումար, Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը կռահելով, որ իր հետ խոսողը փոխմարզպետ Արսենյանը չէ, գումարը չի տվել, որի պայմաններում էլ Համլետը չի կարողացել հանցանքը ավարտին հասցնել։Նույն ձախողումը Համլետն ունեցել է նաև Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանի պարագայում. Վերջինը 86 հազար դրամը փոխանցել է տաքսու վարորդին, սակայն հետո կռահել է, որ իր հետ խոսողը Արմավիրի փոխմարզպետը չէ, գնացել է տաքսու վարորդի հետևից ու հետ պահանջել գումարը:
Ընդհանուր առմամբ Համլետ Ղ.-ին հաջողվել է տարբեր փոխմարզպետերի անունից հանդես գալով գյուղապետերից խաբեությամբ շորթել 897.000 ՀՀ դրամ գումար:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի` 34-178 հեդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Դատականի նիստը դեռ չմեկնարկած հուլիսի մեկին հետաձգվել է մեղադրյալի ու նրա պաշտպանյալի` նիստին չներկայանալու պատճառով: Հաջորդ մեկնարկային նիստը կկայանա այս շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում