Այսօրվանից քաղաքացիներին նոր անակնկալ է սպասվում. խանութներում հացի գինը բարձրացել է 10-20 դրամով
Այսօրվանից քաղաքացիներին նոր անակնկալ է սպասվում՝ խանութներում հացի գինը բարձրացել է 10-20 դրամով: «Ժողովուրդ ջան, էսօրվանից հացի գինը թանկանում է: Երեկ արդեն հաց մատակարարողները այդ մասին զգուշացրել են»,- այսօր առավոտյան Ներքին Չարբախի խանութներից մեկում գնումներ կատարող հաճախորդներին ասաց վաճառողուհին:
Այս լուրը գնորդների համար, կարծես, սառը ցնցուղ լիներ: «Էս ինչ են անում մեր գլխին, անցած ամիս կաթը, մածունը, պանիրը թանկացավ, հիմա` հացը, ուզում են տնով-տեղով էս երկրից գնանք, որ նոր հանգստանա՞ն»,- զայրացած ասաց խանութում գնումներ կատարող հաճախորդներից մեկը:
Մի կին էլ նշեց, որ ինչ կարող են անել, հացն ամենօրյա անհրաժեշտության սննդամթերք է, ուզեն թե չուզեն, պետք է գնեն:
Վաճառողուին հայտնեց, որ հացի փռերում պատճառաբանել են, որ իրենք էլ մեղք չունեն, պատճառը գազի թանկացումն է, իրենք էլ ստիպված հացի գինն են բարձացնում:
Վաճառողուհին նկատեց, որ վերջին ամիսներին գրեթե առևտուր չկա, մարդիկ գումար չունեն, հիմնականում գնում են ապառիկով: Նա նշեց նաև, որ որքան էլ փորձում են նիսյաով առևտուր չանել, սակայն չի ստացվում: «Մարդիկ մեղք են, գալիս են խեղճացած երեսիդ նայում, ոնց կարո՞ղ ես հաց չտալ: Մարդկանց վիճակը օր-օրի վատանում է: Նայեք նիսյայի տետրը, տեսեք, թե ինչքան պարտք կա, մարդ կա 100 հազար դրամի պարտք ունի, բայց մեկ ա , չեմ կարողանում մերժել, բա մարդիկ սոված մնա՞ն, էրեխեքը մեղք չե՞ն»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Թոշակառուներին էլ են նիսյայով տալիս մինչև թոշակ ստանան: «Թոշակառուներն էլ հիմնականում հաց են առնում, մեկ-մեկ էլ կաթնամթերք»,- ասաց նա:
Ի դեպ, խանութի վաճառողուհին տեղեկացրեց, որ 20-30 դրամով արդեն թանկացել է հանքային ջուրը, հյութերը:
Փորձեցինք ճշտել, թե արդյոք հացը թանկացել է նաև այլ խանութներում: Մեր հարցումները ցույց տվեցին, որ գրեթե բոլորը խանութներում էլ այն թանկացել է 10-20 դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները