«ԱՌԿԱ»-ն ներկայացնում է Հայաստանում առաջին Finstore.am բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութը
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայկական շուկայի համար նոր, աննախադեպ պրոդուկտ է գործարկել` Finstore.am բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութը։
Finstore.am–ը Հայաստանի ձեռնարկությունների տվյալների բազա է, որը թույլ է տալիս վերլուծել շուկան և գնահատել հայկական տնտեսության տարբեր հատվածների ներդրումային գրավչությունը։
«Բազան թույլ է տալիս ուսումնասիրել բիզնես միջավայրը, ավելի լավ ճանաչել հաճախորդներին և հետևել մրցակիցների բիզնեսի վիճակին։ Finstore.am–ը երկարաժամկետ նախագիծ է, որը մշտապես կկատարելագործվի և կընդլայնվի։ Այսօրվա դրությամբ մեզ մոտ արդեն հավաքվել և դասակարգվել է ավելի քան 150 ընկերությունների մեծածավալ տեղեկատվություն, իսկ առաջիկայում դրանց քանակը կհասցնենք մինչև 400–ի»,– ասաց «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը։
Finstore.am–ը յուրօրինակ հարթակ է, որտեղ ներկայացված են ընկերությունների պրոֆիլները` իրենց պատմությամբ, ոլորտով և գործունեության բնույթով, ապրանքների և ծառայությունների, անձնակազմի քանակի, ինչպես նաև սեփականատերերի մասին տեղեկատվությամբ։ Այստեղ ներկայացված են ամենատարբեր տվյալներ, մասնավորապես` ֆինանսական հաշվետվություններ, որոնք ներառում են կազմակերպությունների աճի, հասույթի, կապիտալացման մակարդակի, լիկվիդայնության, շահութաբերության դինամիկան արտացոլող վերլուծական և ֆինանսական գործակիցներ։
Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տնօրենի` նախագծի հաջողությունը մեծապես կախված կլինի նաև հենց ընկերություններից, որոնք պետք է ցանկանան մանրամասն տեղեկատվություն տրամադրել, քանի որ իրենց ևս շահավետ կլինի իրենց գործունեության թափանցիկության և ներդրումներ ներգրավելու ցանկության իրական ապացույցը հանդիսացող հարթակի առկայությունը։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: Մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների www.telecom.arka.am և ֆինանսա-բանկային www.armbanks.am կայքերը: