Միջազգային կոմիտեն հուլիսի 15-17-ը կներկայացնի «Քենդլ»-ի ձեռքբերումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետ Սարգսյանը շրջայց է կատարել ինստիտուտի տարածքում, ծանոթացել «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` AREAL առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքների արդյունքներին:
Հաջորդիվ «Քենդլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովը զեկուցել է AREAL գծային արագացուցչի և համապատասխան ենթակառուցվածքների գործարկման ընթացքի մասին: Նա տեղեկացրել է, որ 2012 թ. դեկտեմբերին ձեռք է բերվել դիագնոստիկ սարքավորում: Ձևավորվել է եվրոպական և ամերիկյան առաջատար փորձագետներից բաղկացած միջազգային կոմիտե, որը 2013 թ. հուլիսի 15-17-ը կայանալիք նիստում կքննարկի առկա իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և քննարկման արդյունքում կազմված հաշվետվությունը կներկայացնի համաշխարհային գիտական կենտրոններին:
Հաջորդ հարցով խորհուրդն ի գիտություն է ընդունել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկուցումը «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա խոսել է «Քենդլ» և «Հետազոտական տեխնոլոգիական համալսարան» նախագծերը Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրում ընդգրկելու հեռանկարների մասին:
AREAL գծային արագացուցիչը կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար: Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթենֆորդի SLAG կենտրոնների և Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա