Հրանուշ Խառատյանը` հողերի խոշորացման մասին. Գերաղքատացած մեր գյուղացին, ամեն ինչից բացի, չի կարող սոցիալապես անապահով ճանաչվել
Ծիրանի մթերման ժամանակ առաջ եկած խնդիրներն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հողերի խոշորացման ուղղակի հետևանքներից մեկն է համարում:
«Մրգի շուկայում խոշոր հողատերերի դերակատարությունը սկսել է արդեն 2-3 տարի առաջ: Սկզբնական շրջանում խնդիրն ավելի շատ պտուղ-բանջարեղենի շուկայում էր: Մթերողի համար խոշոր հողատիրոջից գնելն ավելի ձեռնտու է: Շուկան ինքն է սրբագրումներ մտցնում»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց Խառատյանը:
Խառատյանի խոսքով, խոշոր հողատերերը պատահական մարդիկ չեն, ԱԺ պատգամավորներ են, սպայական կազմի ներկայացուցիչներ և այլն` «Էռնեկյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Արմավիրի նախկին մարզպետ Հերոյան…»:
Խառատյանի ներկայացմամբ, նրանք խոշոր հողատերեր են դարձել պահուստային հողերի մատչելի գնով ձեռքբերմամբ, որին անմասն են մնացել մանր հողատերերը:
«Շատ դեպքերում խոշոր հողատերը ջրամբարից ուղղակի ոռոգման գիծը քաշել է դեպի իր հողատարածքը: Նա ոչ ջրի հերթի է սպասում, ոչ ժամանակին ոռոգելու խնդիր ունի, ոչ ջրի վարձի մասին է մտածում: Հազար ու մի տարբերակ կա, որոնք խոսում են տնտեսագիտական հայտնի օրենքի մասին` հարուստը և խոշորը շատ ավելի լավ մթերք են արտադրում, շատ ավելի հեշտ են սպառում, քան թե մանրը: Այս դեպքում պետության միջամտության ու մանրի պաշտպանության խնդիրն է»,-ասաց նա:
Խառատյանի խոսքով, պետությունը խաբել է գյուղացուն, «տվեցինք նրան մանր-մունր թաշկինակային հողեր, շատ երկար ժամանակ սպասարկման ծառայությունների բացակայության և սոված քաղաքի պայմաններում գյուղացու հաշվին ապրեցինք, հետը ձևավորեցինք խոշոր հողատիրություն, և այդ մանր հողատերն այդպես էլ շանս չունեցավ զարգացնելու իր արտադրությունը»:
«Եթե մենք պետության վարչական միջոցներով մանր հողատիրոջը դուրս ենք մղում շուկայից, պետք գյուղացուն սոցիալական պաշտպանության մեխանիզմներ տանք: Գյուղացին համարվում է հողատեր, հողատերը համարվում է տնտեսվարող, տնտեսվարողը և հողատերը չի կարող սոցիալական փաթեթից օգտվել: Սա մեր օրենքներն են: Եվ գերաղքատացած մեր գյուղացին, ամեն ինչից բացի չի կարող այսօր սոցիալապես անապահով ճանաչվել»,-ասաց Խառատյանը:
Այս պայմաններում, ըստ մեր զրուցակցի, գյուղացիները նախընտրում են գալ մայրաքաղաքի ծայրամասերում թշվառ գոյությունը պահպանել, մյուսներն էլ արտագաղթում են, մինչդեռ թղթի վրա ունենք ավելի քան 30 հարյուր ֆերմերային տնտեսություն:
«Մենք խաբում ենք մեզ շարունակ, սուտ վիճակագրություն, սուտ գյուղատնտեսություն, սուտ արդյունք»,-ասաց նա, չբացառելով, որ այս պայմաններում ունենք գյուղատնտեսության զարգացում, դա խոշոր հողատերերի հաշվին է:
Նրա խոսքով, այս պայմաններում գյուղացու արտադրանքի սպառման միակ հույսը երևանյան շուկան է, որոնք այսօր ակտիվորեն իրենց տեղը զիջում են սուպերմարկետներին: Իսկ սուպերմարկետների գոյությունը կրկին ավելի ձեռնտու են խոշոր հողատերերին:
«Մի երեք տարի անց մանր մթերողին մնալու է միայն այն շուկան, որը կոչվում է երևանյան շուկա, և դա էլ շուտով հրապարակից դուրս կգա, շուկաները հիմա քանդվում են, հենց հիմա Նորքի շուկան քանդվում է, սաղ օրը լաց ու կոծ է այնտեղ: Իսկ սուպերմարկետի տնօրենի համար ձեռնտու է և ծավալներով, և պայմանագրով վերցնել խոշոր հողօգտագործողից: Այստեղ տրամաբանությունն անվրեպ է: Այստեղ և շուկայական տնտեսություն, և վարչարարության տրամաբանությունն է շատ հստակ աշխատում»,-ասաց նա:
Նրա խոսքով, խնդրի լուծման վերաբերյալ մի քանի անգամ առաջարկներ է ներկայացրել կառավարությանը, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Խառատյանի հետ հարցազրույցի` առաջարկների մասը կներկայացնենք ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան