Ի՞նչով է վտանգավոր անարդյունավետ կառավարումը
Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ կապված Վերահսկիչ պալատի բացահայտումների և կառավարության անդամների մեկնաբանությունների հետ, կրկին արթնացրին Հայաստանում կառավարման և համակարգային ճգնաժաների մասին բանավեճերը: Կա՞ արդյոք Հայաստանում կառավարման ճգնաժամ, և եթե ոչ, ապա ինչ կա դրա փոխարեն. սա է այն հարցը, որի պատասխանն այս պահին, թերևս, կարևորներից մեկն է:
Ելնելով այն դրույթից, որ «եթե կաղում է, ապա քայլում է», կարելի է ասել, որ՝ այո, Հայաստանում պետական մի շարք մարմինների աշխատանքների կառավարումը կաղում է: Բայց դա նշանակում է, որ կառավարում ամեն դեպքում տեղի է ունենում, թեև բացթողումներով: Ուրեմն, խոսքը չի կարող գնալ կառավարման ճգնաժամի մասին:
Մեկ այլ տարբերակ էլ կա. ասում են՝ համակարգային ճգնաժամ: Այս բնութագրումը, կարծես թե, ավելի մոտ է իրականությանը, բայց կրկին միայն առաջին հայացքից: Համակարգային ճգնաժամ կարելի է արձանագրել այն դեպքում, երբ սոցիալական համակարգը չի կատարում իր գործառույթները, կապեր չի հաստատում այլ համակարգերի հետ և առհասարակ ոչ մի ուղղությամբ մի գնում, չի փոփոխվում: Սակայն Հայաստանում նման «կայունություն» կարելի է արձանագրել խիստ սահմանափակ թվով պետական և սոցիալական ինստիտուտների պարագայում (օրինակ՝ բանակ, երիտասարդության հարցեր, որոշ դեպքերում՝ ավանդական ընտանիք), և, ուրեմն, համընդհանուր համակարգային ճգնաժամի մասին խոսելու առիթ չկա:
Ստեղծված իրավիճակը, երբ ընդունվում են որոշումներ, որոնք ոչ միայն չեն լուծում եղած խնդիրները, այլև, պարզվում է, բերում են նյութական և ոչ նյութական (իմիջային, ինտելեկտուալ և այլ) ռեսուրսների կորստի, բնութագրվում է ոչ թե «ճգնաժամ», այլ «ոչ ռելևանտ» հասկացությամբ: Ռելևանտությանն առավել մոտ գտնվող հասկացությունը համարժեքությունն է՝ ադեկվատությունը, սակայն կառավարման և որոշումների ընդունման ռելևանտությունը ոչ միայն և ոչ այնքան համարժեքությունն է (խնդիրներին համապատասխանելու աստիճանը), որքան այդ որոշումների սոցիալական կիրառության հնարավորության աստիճանը: Օրինակ, երբ կայացվում է որևէ որոշում, որը միանգամայն տրամաբանական է և պատճառավորված, բայց՝ ոչ ռելևանտ, այսինքն՝ սոցիալական կիրառության տեսակետից՝ ոչ-համապատասխան հասարակության մեջ ընթացող պրոցեսներին (կառավարության պահուստային ֆոնսից ինչ-որ մարդկանց կամ ընկերություններից գումար հատկացնելը, գործունեության որոշ տեսակներ հարկերից ազատելը, և այլն): Նմանատիպ բոլոր որոշումները վկայում են ոչ արդյունավետ կառավարման մասին, որը բերում է միանգամայն իրական կորուստների՝ թե՛ ֆինանսական, թե՛ ինտելեկտուալ, թե՛ իմիջային: Խոսքը գնում է և՛ պետբյուջեի, և՛ մարդկային ռեսուրսների, և պետական մի շարք կառույցների իմիջի ռեալ կորստի մասին: Իսկ այդ կորուստները վերականգնելու ռեսուրս իրերի նման ընթացքի պայմաններում պարզապես չի լինելու:
Հեղինակ` Մովսես Դեմիճյան
*Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում