Ադրբեջանի նախկին նախագահը աչք է դրել վարչապետի պաշտոնի վրա
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովին երկու պաշտոն է առաջարկվել: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Avropa.info» կայքը, Մութալիբովին առաջարկվել է տնտեսական քաղաքականության հարցերով պետական խորհրդականի և նախագահի տնտեսական հարցերով օգնականի պաշտոնները:
Վերջին շրջանում ընդդիմադիրները մեծ ջանքեր են գործադրում նախկին նախագահին իրենց կողմը գրավելու հարցում, ընդ որում՝ այդ հարցում ընդդիմադիրներին օգնում է ռուսաստանաբնակ «Միլիարդատերների դաշինքը»: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մութալիբովը մեծ ազդեցություն ունի Բաքվի կլանի վրա, Ադրբեջանի իշխանությունը հարկադրված է հակառակ քայլ կատարել: Մութալիբովին իրենց շարքերը ներգրավելով՝ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է երկու խնդիր լուծել. կանխել Բաքվի կլանի անդամների մեծ մասի՝ ընդդիմության շարքերն անցնելու հավանականությունը և Կրեմլի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Մութալիբովի միջոցով ամրապնդել կապերը Ռուսաստանի իշխող շրջանակների հետ:
Ըստ լուրերի, Այազ Մութալիբովը ցանկանում է վարչապետ դառնալ, սակայն, իշխանությունը զգուշանում է վստահել նրան այդ պաշտոնը: Դրա պատճառն, ըստ գործող օրենսդրության, անցողիկ ժամանակաշրջաններում նախագահի լիազորությունները վարչապետին հանձնելն է, ինչն իշխանությունը չի ցանկանում անել: Կայքը նշում է, որ Մութալիբովին առաջարկվող երկու պաշտոններն էլ տնտեսական որոշումներ ընդունելու տեսակետից չնչին նշանակություն ունեն և չեն համապատասխանում նախկին նախագահի հավակնություններին: