Կարո՞ղ են արդյոք հղի կանայք մեկնել հանգստի. գինեկոլոգի խորհուրդները
Կարո՞ղ են արդյոք հղի կանայք մեկնել հանգստի: Փորձեցինք պարզել գինեկոլոգից:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշան Բադալյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ընթանում հղիությունը:
«Հղիությունը ֆիզիոլոգիական վիճակ է, եթե ամեն ինչ նորմալ է, հղին չունի որևէ խնդիր` բարձր ճնշում, տոքսիկոզ, իհարկե նա կարող է ցանկացած տեղ գնալ և հանգստանալ»,- ասաց Շ.Բադալյանը:
Իսկ եթե կան առողջության հետ կապված խնդիրներ, այդ թվում` ճնշման բարձրացում, շաքարային դիաբետ, ապա գինեկոլոգի խոսքերով, կլիման փոխելուց հնարավոր է խնդիրներ առաջանան: Ըստ Շ.Բադալյանի` ծովափը հակացուցված է, եթե հղին ունի առաջադիր ընկերք, ուստի նրան խորհուրդ չի տրվում երկար ճանապարհ գնալ, քանի որ նույնիսկ փոքրիկ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել արյունահոսության: «Իսկ եթե չկա ոչ մի խանգարող հանգամանք, ապա հղին կարող է հանգստանալ ցանկացած երկրում, այդ թվում` ծովափում»,- ասաց Շուշան Բադալյանը:
Սակայն նա միաժամանակ նշեց, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են` աֆրիկյան երկրները, երբ ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը 40-ին մոտ է լինում, բնականաբար, հղիներին այդ շոգը խորհուրդ չի տրվում: «Ընդհանրապես արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունը ցանկալի չէ, քանի որ հղիների ճնշումը, հոմոգլոբինը սովորականից ցածր է լինում, ուստի արևահարությունից նրանց ինքնազգացողությունը կվատանա: Միանշանակ ցանկալի չէ, որ նրանք լինեն այդ երկրներում: Իհարկե չի կարելի ասել, որ դա բոլորին է յուրահատուկ, ամեն մի հղիի առանձնահատոկ մոտեցում է հարկավոր»,- ընդգծեց գինեկոլոգը:
Շ.Բադալյանը նշեց նաև, որ ինքը սովորաբար հղիներին խորհուրդ է տալիս հանգստի մեկնել այնպիսի երկրներ, որտեղ կլիման ավելի մեղմ է:
Ի դեպ, գինեկոլոգն ասաց, որ հղիներին շատ օգտակար է ոչ միայն ծովում լողալը, այլ ընդհանրապես լողալը, այն թուլացնում է մկանները, հանգստացնում է նյարդային համակարգը, լողը հիանալի մարզում է օրգանիզմը` կնոջը նախապատրաստելով ծննդաբերության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները