Զոհրաբ Մնացականյան. «Մենք ընկալելի ենք մեր գործընկերների համար և մեր քաղաքականությունը կառուցում ենք թափանցիկ մթնոլորտում»
«Առավոտ» թերթի հարցազրույցը ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ.
-Պարոն Մնացականյան, Հայաստանի և իր գործընկերների հարաբերությունները բնութագրելու համար վերջին շրջանում հաճախ օգտագործում են «և-և», «կամ-կամ» շաղկապները: Որքանո՞վ է դա տեղին, վերջապես ո՞ւր է գնում Հայաստանը, և արդյոք այդ ճանապարհին անկե՞ղծ է իր գործընկերների հետ:
-Այս ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի քաղաքականությունը եղել է ամբողջովին հայաստանամետ: Հայաստանը կառուցել է իր անվտանգության ու զարգացման համապարփակությունը` համագործակցելով իր գործընկերների հետ: Եվ մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր գործոնը եղել և մնում է նույնը` կանխատեսելիություն և քաղաքականության վարման հստակ տրամաբանություն, որը հասանելի և հասկանալի է մեր գործընկերներին:
Այդ քաղաքականության իրականցման ճանապարհին մենք չենք կարող անկեղծ չլինել: Ոչ մենք ենք միամիտ, որ մի ուղղությամբ մի բան խոսենք, մյուս ուղղությամբ` մեկ այլ բան ու ենթադրենք, որ մեր գործընկերների համար կարող է նման քայլն ընդունելի լինել, ոչ էլ մեր գործընկերներն են այդքան միամիտ, որ նման ձևով երկխոսություն վարեն: Մեր հիմնական նպատակներից մեկն է` հասանելի դարձնել մեր քաղաքականության տրամաբանությունը և ընդունելի դարձնել այն, որովհետև մեր տրամաբանության մեջ քաղաքականության ձևավորման և իրականացման մեջ ամբողջովին բացառված է հակասությունների խրախուսումը, հակասությունների թույլ տալը մեր տարածաշրջանում վարվող քաղաքականության մեջ: Մեր մոտեցումը կայանում է նրանում, որ ԵՄ հետ մեր համագործակցությունը և ԱՊՀ տարածքում համագործակցության ձևաչափերը իրարամերժ չեն, այլ` իրական ցանկության դեպքում` կարող են համատեղելի լինել:
-Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականությա՞նը:
-Իհարկե: ՀՀ անկախությունից ի վեր ԵՄ հետ մերձեցումը եղել և շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից: Այդ տարիների ընթացքում ԵՄ հետ մեր համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում ժողովրդավարական հասարակության կայացմանը, տնտեսության զարգացմանը, պետական կառավարման հաստատությունների կայացմանն ու զարգացմանը: Մենք այսօր ունենք շատ էական, կարևոր գործընթաց, որը Ասոցացման համաձայնագրի բանակցություններն են ԵՄ հետ: Այդ համաձայնագիրը բանակցվել է բավական երկար ժամանակ և այժմ գտնվում է ավարտական փուլում:
Դրա հետ մեկտեղ մենք ունենք պայմանագրային քաղաքական հարաբերություններ տարբեր կառույցների շրջանակներում և իրատեսական չէ` մի ուղղությունը մեկին, մեկ այլ ուղղությանը հակասելու վրա քաղաքականություն վարել: Ասոցացման համաձայնագրի մեջ չկա որևէ տարր, և մենք չէինք կարող դա թույլ տալ, որը կարող է հակասություն ստեղծել մեր գործընկերության այլ ուղղություններով: Մենք աշխատել ենք գործընկերների հետ, որոնց համար հասկանալի է եղել այդ տրամաբանությունը: Մենք պնդել ենք, բացատրել ենք և գտել ենք ձևակերպումներ, որոնք ներդաշնակեցնում են մեր գործընկերների հետ աշխատանքները` համապարփակ պահելու մեր ընդհանուր արտաքին քաղաքականությունը, իսկ դա բխում է առաջին հերթին Հայաստանի համապարփակ անվտանգության ու զարգացման նպատակներից:
-Երբ խոսվում է հնարավոր հակասությունների մասին, առաջին հերթին հիշվում է Ռուսաստանի գործոնը:
-Մեր քաղաքական, տնտեսական, պատմամշակութային և բազմաթիվ այլ կապերը Ռուսաստանի հետ ստեղծվել են տասնյակ տարիների, դարերի ընթացքում: Ռուսաստանն այս տարածաշրջանի անդամ է: Ռուսաստանի հետ մենք ունենք պայմանագրերի հսկայական ծավալ` թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով: Մեր գործընկերները` ԵՄ-ի ուղղությամբ, չեն կարող չճանաչել, օրինակ, ՀԱՊԿ-ի դերակատարությունը մեր անվտանգության հարցում, և մենք չենք ունեցել իրավիճակ, որ հարցականի տակ դնենք կամ էլ ինչ-որ ձևով մարտահրավեր նետենք այս շրջանակներում մեր համագործակցությանը:
Հայաստանն ունի իր արտաքին քաղաքականության օրակարգը, մենք մինչեւ հիմա ցույց ենք տվել, որ շատ վստահելի եւ կանխատեսելի գործընկեր ենք տարածաշրջանում։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ: ԵՄ-ին անդամակցելու մասին երբեք չենք խոսել, որովհետև օրակարգում չկա այդ հարցը: Բացի այդ, մենք հաշվարկում ենք մեր շահերը, մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ մեր վստահելիությունը՝ որպես գործընկեր: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգացնելը չենք դնում որպես հակասության մեջ մեկ այլ ուղղության հետ:
- Մեր գործընկերների համար ընկալելի՞ են, հասկանալի՞ են համագործակցության այն ծավալն ու չափը, որ մենք նախատեսում ենք իրականացնել մեր մյուս գործընկերների հետ:
- Սա մեր մշտական աշխատանքն է, հենց դա է մեր աշխատանքի իմաստը` մեր գործընկերների հետ ներգրավված լինել մշտական երկխոսության մեջ, որպեսզի, բացատրենք մեր քաղաքականության տրամաբանությունը, լսենք մեր գործընկերների մեկնաբանությունը, վստահ լինենք, որ նրանց մոտ թյուրըմբռնում չի ստեղծվում և եթե կա նման բան, ապա պետք է անդրադառնալ այդ խնդրին: Պետք է լուծել խնդիրը այնպես, որ մենք չունենանք “կամ-կամ”-ի իրավիճակ, սա արդեն կիրառական աշխատանք է:
-Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ գործընկերների հետ անկեղծ երկխոսությունը Հայաստանի ունեցած սակավ ռեսուրսներից մեկն է:
-Սա իսկապես ռուսուրս է, սա մեր հարաբերությունների կառուցման կարևորագույն գործիքն: Մեր անվտանգությունը համապարփակ է իր էությամբ և այդ համապարփակությունն ապահովվում է նրանով, որ մենք ընկալելի ենք մեր գործընկերների համար, պարբերաբար խորհրդակցոմ ենք տարբեր ձևաչափերում և մեր քաղաքականությունը կառուցում ենք թափանցիկ մթնոլորտում:
- Պարոն Մնացականյան, տևական ժամանակ Հայաստանը հենց այդպես էլ վարվել է և դրանց արդյունքները մեզ համար տեսանելի են եղել: Օրինակ` Արևմուտք-Իրան սուր հակադրությունների պայմաններում, Ռուսաստան-Վրաստան բարդ հարաբերությունների պայմանններում մենք կարողացել ենք համագործակցել բոլոր կողմերի հետ և միաժամանակ ընկալելի լինել: Ինչո՞ւ է այսօր խոսվում «կամ-կամ»-ի մասին, երբ «և-և»-ի արդյունքները տեսանելի են:
-Ինձ թվում է, որ «կամ-կամ»-ի հարցում, եթե լինում են ընկալումների ինչ-որ խախտումներ, շտկելի են, իսկ երբ դա ներկայացվում է որպես այսօրվա հարաբերությունների հիմք, տեղին չէ, դրա հիմքերը գոյություն չունեն: Մեր համար անհնար է «կամ-կամ» հարաբերություններ կառուցելը:
Եթե խոսքը ԵՄ և Ռուսաստանի մասին է, նման հարցադրում իրականում չկա: ԵՄ-ն այսօր մեր կարևորագույն առևտրային գործընկերն է, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և մեր առաջին առևտրային գործընկերն է: Մենք խորապես ներգրավված ենք Ռուսաստանի և ԱՊՀ-ի շուկաներում, դրանք մեզ համար ծանոթ շուկաներ են, մենք աշխատում ենք այդ շուկաներում և բնականաբար չենք կարղ անտեսել մեր տնտեսական շահերը այդ շուկաներում: Այն, ինչի շուրջ մենք բանակցում ենք ԵՄ հետ, չի ստեղծելու չպետք է ստեղծի մի իրավիճակ, որը կխարխլի մեր աշխատանքը ուրիշ շուկաներում:
- Եթե ամփոփենք ու բանաձևենք, կարելի՞ է արդյոք ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միանշանակ հայաստանակենտրոնն է, որն իրականացվում է բոլոր գործընկերների հետ անկեղծ երկխոսության միջոցով և ուղղված է առաջին հերթին հակասությունների բացառմանը:
-Հակասությունների բացառումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Նրբազգացությունը մեզ համար նման հարցերում` պահպանելու համապարփակությունը, հաջողվել է մեզ: Որևէ բան չի փոխվել: Եթե մենք մեզ որևէ քաղաքականություն թույլ տայինք, որտեղ մի ուղղությամբ մի բան անեինք, իսկ մյուս ուղղությամբ` մեկ այլ բան, այս տարբեր ոլորտներում մեր առաջընթացը երբեք հնարավոր չէր լինի: