Շտեֆան Ֆյուլեն վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բոլոնիայի գործընթացի քարտուղարության և 2015 թվականին Հայաստանում Բոլոնիայի գործընթացի անդամակցած պետությունների նախարարական գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ միակ երկիրն է, որը ստանձնել է նման բարձր պատասխանատվություն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի կողմից առաջարկվել է այս տարվա սեպտեմբերին նախատեսվող Արևելյան գործընկերության կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցելու են նաև ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և կրթության և մշակույթի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, ներկայացնել Բոլոնյան գործընթացի քարտուղարության հայաստանյան տեսակետը, ինչպես նաև Գիտատեխնոլոգիական և ինովացիոն զարգացման ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության ասոցիացված մասնակցության հեռանկարները:
Հանձնակատար Ֆյուլեի կողմից կարևորվել է «Էրազմուս+» ծրագիրը՝ որպես ուսանողների և դասախոսների միջև շարժունության, միջբուհական կապերի հաստատման կարևոր գործիք:
Քննարկվել է Արևելյան գործընկերության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործակալության ստեղծման հայաստանյան առաջարկը և հոկտեմբերի 17-18-ը Հայաստանի ԵԽ նախագահության շրջանակում նախատեսվող կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները և վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին:
Կողմերը քննարկել են նաև մի շարք քաղաքական հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա