Էկվադորը քննադատում է Բրիտանիային Ջուլիան Ասանժի հանդեպ վերաբերմունքի համար
Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն սխալ է համարում բրիտանական իշխանություների վերաբերմունքը սկանդալային Wikileaks նախագծի ղեկավար Ջուլիան Ասանժի նկատմամբ, շուրջ մեկ տարի արգելելով վերջինիս լքել այդ երկրի տարածքը և տեղափոխվել Էկվադոր, որտեղ նրան ապաստան են տրամադրել:
«Հնարավոր է՝ մի օր Մեծ Բրիտանիան հասկանա, որ մեծ սխալ է գործում և խախտում է այն մարդու իրավունքները, ով ազատության է ձգտում», - ԱԳ նախարարի հարցազրույցը «Democracynow» կայքին մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Արտգործնախարարը տեղեկացրել է, թե վերջերս հեռախոսազրույց է ունեցել Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ և ուղիղ հարցրել է վերջինիս. «Ի՞նչ եք ակնկալում: Սպասում եք, մինչև Ասանժը ծերանա և մահանա՞ մեր դեսպանատանը», - ասել է Պատինյոն:
Որպես ստեղծված իրավիճակի ելք արտգործնախարարը համարում է ապաստան տրամադրելու և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերի կիրառումը, հիշեցնելով, թե ժամանակին «ապաստանից օգտվելու իրավունքի» մասին ձևակերպումը հենց Բրիտանիան է ներմուծել համապատասխան հռչակագրում:
Հիշեցնենք, Ջուլիան Ասանժը 2012 թ-ի հունիսի 19-ից բնակվում է Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որը Ասանժին քաղաքական ապաստան է տրամադրել: Բրիտանիայի իրավապահ մարմինները զգուշացրել են, թե դեսպանատնից դուրս գալու դեպքում, Ասանժը կձերբակալվի և համաձայն բրիտանական դատարանի որոշման, կարտահանձնվի Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության փորձի մեջ: Ասանժն, իր հերթին, առաջադրված մեղադրանքները շինծու է համարում, դրանց հետևում տեսնելով Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին, իսկ իր նկատմամբ հետապնդումները կապում է սկանդալային ռեսուրսի գործունեության, մասնավորապես, դիվանագիտական գաղտնի նամակագրություններ հրապարակելու հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան