«Սյունեցիներին վախեցնելը կատակ բան չէ». Վահե Հակոբյան
«Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ համար սպասելի էր մարզպետի պաշտոնում նշանակվելը»: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը:
Նրա խոսքերով` որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, որոշակիորեն պատկերացնում է մարզում առկա հիմնախնդիրները: Ըստ նրա` մարզում կան բազմաթիվ խնդիրներ, կփորձեն հասկանալ, թե որոնք են առաջնահերթ լուծում պահանջում: «Ոգևորված եմ և ուրախ, փորձելու եմ առավելագույնս արդարացնել ժողովրդի ցանկություններն ու հույսերը»,- ասաց Վ.Հակոբյանը` խոստանալով, որ կլինեն հրապարակային, բոլոր հարցերին կփորձեն իրական գնահատականներ տալ:
Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ինքն է Սերժ Սարգսյանին առաջարկել Վահե Հակոբյանի թեկնածությունը, մարզպետը նշեց. «Ինձ առաջարկել է հանրապետության նախագահը, իմ կուսակցության գործադիր մարմինը, կառավարության որոշումով ինձ նշանակել են Սյունիքի մարզպետ, այլ ընթացակարգ չկա»:
Ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանի այն հայտարարությանը, թե չի ճանաչում Վահե Հակոբյանին ու նրա հորը, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ձեր նշած հարցազրույցը իր հետ տեղի չի ունեցել, չեմ կարծում, որ դա իր խոսքերն են: 9 տարի է՝ Սյունիքի մարզպետն իրականացնում է իր գործառույթները, բնականաբար ինքը կարող է կարծիք կազմել»:
«Ձեր հայրը ցանկանում է, որ դուք ՀՀ նախագահ դառնաք, իսկ դուք ձեզ տեսնում եք նախագահի պաշտոնում» հարցին ի պատասխան, Վ.Հակոբյանը նշեց. «Իմ հայրը արդյունաբերության լավագույն հրամանատարներից մեկն է, էսօր մեր պետության առաջին հարկատուն է, կարծում եմ, որ եթե նայենք ծնող-որդի հարաբերության մեջ, ապա ցանկացած ծնողի համար իր երեխայի հաջողություններն էլ արդարացված են: Էդ տեսանկյունից ես համարում եմ հարցը փակված»:
Հարցին, թե Սյունիքի մարզում կա՞ վախի մթնոլորտ, Վ. Հակոբյանն ասաց, որ սյունեցիներին վախեցնելը հեշտ չէ, կատակ բան չէ: «Սյունիքում պատերազմ տեսած և հաղթանակած ժողովուրդ են, և կարծում եմ՝ վախեցնել կատեգորիան սյունեցիների մոտ չկա: Ես կարծում եմ՝ Սյունիքում վախի մթնոլորտ չկա»,- նշեց Վ.Հակոբյանը: