Գերմանացի փորձագետ. Մինսկի խումբը չի խոսում հայ փախստականների մասին
ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով կարճաժամկետ հեռանկարում քիչ հավանական է: Այսօր Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության կողմից կազմակերպված «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ» խորագիրը կրող քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Բրեմենի համալսարանից հակամարտությունների հետազոտությամբ զբաղվող, ներկայումս Ստեփանակերտում բնակվող Քրիստիան Կոլտերնը:
«Ցավոք այդքան էլ լավատես չեմ, որ ապագայում մենք կարող ենք հարցի լուծումը ստանալ խաղաղ ճանապարհով։ Ամենօրյա տպավորությամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, բայց պատերազմի ռիսկը գոյություն ունի»,- ասաց Քրիստիան Կոլտերնը:
«Խնդիրն այն է, որ Ղարաբաղում օդանավակայանի վերաբացումն այս պահին կրկին հետաձգվել է և դեռևս չի նշվում՝ ինչքան ժամանակով։ Մենք ինտենսիվորեն Ադրբեջանի հակաքարոզչությանն ենք ականտես լինում, որը շատ արդյունավետ է աշխատում: Դրանով հանդերձ, Ադրբեջանի ընտրությունների քարոզարշավին հետևելով, չեմ կարծում, թե Ալիևը կկորցնի իր իշխանությունը, և ավելի վատ բան եմ ակնկալում»,- հավելեց բանախոսը:
Գերմանացի փորձագետի կարծիքով` եթե անգամ ինչ-որ պարագայում Ադրբեջանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա դա բոլորովին չի նշանակում, որ իշխանության եկած նոր ուժերը ԼՂ հիմնահարցում կունենան ավելի կառուցողական դիրքորշում:
Ադրադառնալով Մադրիդյան սկզբունքներին` բանախոսը նկատեց, որ նրանք հակասում են միմյանց, ինչն իր հերթին խաղաղ կարգավորման լայն հնարավորություններ չի ընձեռում:
«Հակասող բաժանումներ կան այդ սկզբունքների մեջ, որոնք անհնար է բացատրել։ Եթե հնարավորություն լինի, պետք է այս սկզբունքները դարձնել մրցունակ, այլ ոչ թե հակասող։ Դրանք հիմնականում դիվանագիտական մաս են: Մենք պետք է պրագմատիկ լինենք, դրանք քաջալերում են ադրբեջանական մաքսիմալիստական պահանջները, որը պատերազմի մեծ ռիսկ է պարունակում»,- նշեց Քրիստիան Կոլտերնը:
Բանախոսի կարծիքով հստակություն չկա նախևառաջ հանրաքվեի անցկացման վերաբերյալ դրույթի հետ կապված մոտեցումներում:
«Ընդհանուր նկարագրությունն այն է, որ քաղաքական ստատուսի (Լեռնային Ղարաբաղի) փոփոխություններում հստակեցումներ չեն տրվում և, պարզ չէ, թե ով պետք է դրանով զբաղվի։ Ադրբեջանում կարծում են, որ բոլոր քաղաքացիներն են մասնակցելու հանրաքվեին:Երկրորդ խնդրահարույց հարցը՝ անվտանգության երաշխիքների բացակայությունն է: Ոչ միայն ես, այլև շատերն են կարծում, որ երաշխիքները կարևոր մասն են կազմում խաղաղության ձևավորման համար»,- նշեց փորձագետը:
Բանախոսի խոսքերով` Մինսկի խումբը չի խոսում հայ փախստականների մասին, ինչի վերաբերյալ հայկական կողմը հստակ մոտեցում չի ցուցաբերում:
Վերջինիս խոսքերով սակայն հայկական կողմը երբեք չի համաձայնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: