ԲՀԿ-ի օրակարգում վարչապետի ու կառավարության հրաժարականի հարց չկա. ԲՀԿ-ական պատգամավոր
«Հրաժարական տալը Տիգրան Սարգսյանի անձնական գործն է», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո ընդդիմադիր որոշ գործիչների` վարչապետի հրաժարականի մասին պնդումներին, հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հրապարակումից հետո, երբ հայտարարվեց, որ պետական միջոցների չարաշահումներ են տեղի ունեցել, ընդդիմադիր գործիչները, այդ թվում խորհրդարանական ընդդիմությունից` Հայ Ազգային կոնգրես ու «Ժառանգություն» խմբակցություններից, նպատակահարմար էին համարել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տա:
Խորհրդարանում այլընտրանքը ներկայացնող խմբակցության ներկայացուցչի խոսքով, հրաժարական տալը Տիգրան Սարգսյանի որոշելիքն է, սակայն մինչ այդ ԲՀԿ-ի օրակարգում վարչապետի հրաժարականի պահանջ չկա: «Մեր օրակարգում այս պահին չկա հարց, որ պահանջենք Տիգրան Սարգսյանի կամ կառավարության հրաժարականը: Ես կարծում եմ, որ սեպտեմբերին Ազգային ժողովում քննարկված փաստաթղթի (նկատի ունի ՎՊ հաշվետվությունը-հեղ.) վերաբերյալ դատախազությունը պարզ պատկեր կտա մեզ: Պարզ կերևա, թե որքանով է ՎՊ-ն մասնագիտորեն մոտեցել հարցին», -հավելեց խորհրդարանականը:
Մեր հարցին, թե հատկապես նախընտրական շրջանում «Բարգավաճ Հայաստան»-ի տարբեր գործիչների թիրախում հենց Տիգրան Սարգսյանն էր ու նրա գործունեությունը, արդյո՞ք այժմ ինչ-որ բան է փոխվել երկրում, պարոն Մարգարյանն ի պատասխան արձագանքեց. «Որևէ բան չի փոխվել: Գուցե որոշ ելույթներում նախկինում շատ է շեշտվել, բայց մենք անձնական խնդիր երբեք չենք դրել: Տիգրան Սարգսյանի դեմ կոնկրետ չենք գնացել, մենք միշտ խոսել ենք կառավարության գործունեության մասին: Կառավարության գործունեությունը մենք համարել ենք ոչ բավարար, քվեարկել ենք այդպես, կառավարության ծրագիրը համարել ենք ոչ այնպիսին, որը համապատասխանում է այսօրվա մարտահրավերներին քվեարկել ենք դեմ: Որևէ փոփոխություն մեր մարտավարության մեջ չկա: Գուցե ինչ-որ դեպքեր են եղել, ինչ-որ բաներ են եղել Տիգրան Սարգսյան անունն է հնչել, բայց երբեք միտում չի եղել անձնավորել, անիմաստ է անձնավորելը»:
Այլընտրանքի ներկայացուցչի խոսքով, իրենց համար նշանակություն չունի, թե ով է վարչապետը` Տիգրան Սարգսյանը, թե ուրիշ մեկը: «Վարչապետը լուրջ պաշտոն է Հայաստանում, և դա անձնավորել, կլինի լուրջ սխալ, լուրջ թերություն: Կառավարության գործունեության մասին պետք է խոսել, ինչը մենք արել ենք, այս ուղղությամբ մեր տեսակետում փոփոխություն չկա»,- հավելեց Ստեփան Մարգարյանը` նշելով, որ կառավարության հնգամյա ծրագիրը չի ծառայում երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Նկատենք, որ հատկապես նախընտրական շրջանում և դրանից հետո կառավարության ղեկավարի վերանշանակման ժամանակ ԲՀԿ-ականների բազմաթիվ ելույթներում թիրախը հենց վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, որի կրկնակի պաշտոնավարումը ԲՀԿ-ականները համարում էին «աղետ» և ասում էին, որ նաՀայաստանը կտանի դեպի փակուղի: