«Հայաստանի բոլոր հարևանները սպառնալիք են ներկայացնում որևէ մեկին, իսկ Հայաստանը` ոչ»
Ադրբեջանի կողմից սանձազերժված սպառազինության մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Այսօր Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության կողմից կազմակերպված «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ» խորագիրը կրող քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
«Մենք հիմա գտնվում ենք չհայտարարված պատերազմական վիճակում: Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հանդիսանում ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլև ողջ տարածաշրջանի համար: Սա բնավ էլ «սառը» պատերազմ չէ: Ես կասեի, որ սա բավական «թեժ» պատերազմ է և շարունակում է թեժանալ»,- նշեց բանախոսը` հավելելով, որ 2008 թ Հարավային Օսիայում 2008թ. «Հնգօրյա պատերազմից» հետո ԼՂ հակամարտության գոտում «պատահական» պատերազմի հավանականություն էլ ավելի է մեծացել:
Անդրադառնալով վերջերս ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքին, Ռիչարդ Գիրագոսյանը նշեց.«Թև զինամթերքների ձեռքբերման այս նոր զործարքը Ադրբեջանին ապահովում է Ռուսաստանից բերվող հարձակվողական սպառազինության զգալի ծավալով այդ թվում մարտական տանկեր, ծանր հրետանի, մի քանի հրթիռներ, սակայն խիստ ռազմական առումով դա դեռ բավարար չէ ուժերի հավասարակշռության վրա ազդելու համար»։
Ամեն դեպքում, ըստ փորձագետի, Հարավային Կովկասում տարածաշրջանային ուժերի` արդեն իսկ զգայուն հավասարակշռության փոփոխության համատեքստում սույն գորածարքի առկայությունը բավական մտահոգիչ է:
«Հայաստանը շեշտը դնում է որակի, ոչ թե քանակի վրա: Կարևոր է նաև այն, որ Հայաստանն այլևս անվտանգության սպառող չի համարվում: ՀՀ-ն ստանձնել է տարածաշրջանային անվտանգությանը աջակցողի դերակատարումը: Հայաստանի բոլոր հարևանները սպառնալիք են ներկայացնում որևէ մեկին, իսկ Հայաստանը չի ներկայացնում», -ասաց Ռ. Գիրագոսյանը: