Ռուսաստանը շարունակ փորձելու է բարձրացնել գազի գինը, դրա համար պետք է գտնել այլընտրանքային ճանապարհներ
«Սպասվում էր, որ գազի սակագինը կբարձրանա, քանի որ Ռուսաստանը էներգակիրներ վաճառող երկիր է, իր բյուջեի զգալի մասը համալրում է էներգակիրների վաճառքով, ուստի նա միշտ ձգտում է գինը բարձրացնել և մենք պետք է դրան պատրաստված լինեինք»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Մինչդեռ, ըստ նրա, մեր տնտեսությունը դրան պատրաստ չէր, սակայն տարիների ընթացքում հարկավոր էր դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը, մասնավորապես, էներգետիկ համակարգը, որպեսզի պետությունը կարողանար ինչ-որ չափով չեզոքացնել գազի հնարավոր բաձրացումը: «Լավ է, որ կառավարությունը սահմանի վրա սուբսիդավորում է գազի գինը: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է շարունակի կոմպենսացիաների քաղաքականությունը, առաջին հերթին պետք է տրանսպորտը կոմպենսացնի, որպեսզի հասարակական տրանսպորտի գինը ևս չթանկանա: Գազի գնի բարձրացումը բյուջետային նոր մուտքեր է ապահովելու, և դրանք պետք է օգտագործվեն կոմպենսացիայի համար, որպեսզի սոցիալական լարվածությունը չմեծանա»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Կարևորելով Երևան ՋէԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը` նա նշեց, որ դրանով կկարողանանք 4,5 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա մատակարարել բաշխիչ ցանցերին բավականին էժան գնով, իսկ 1-2 տարի հետո այն հնարավորություն կտա իջեցնել էլեկտրաէներգիայի գինը:
Ըստ նրա` միշտ պետք է մտածել, որ գազի գինը Ռուսաստանը շարունակ փորձելու է բարձրացնել, դրա համար պետք է գտնել այլընտրանքային ճանապարհներ` իրանական գազի օգտագործումը և այլն: «Պետք է այնպիսի քաղաքականություն տանել, որ մեր քաղաքացիները կարողանան պահպանել գազ օգտագործելու հնարավորությունը»,- նշեց նա:
Մինչդեռ, Վ.Սաֆարյանի խոսքերով, մեզ մոտ հակառակ պատկերն է. 2012թ-ին բնակչությունը 2011-ի համեմատ 8,75 մլն խմ-ով պակաս գազ է օգտագործել: «Մեր հաշվարկներով` այս տարի բնակչությունը 30-40 մլն խմ գազ պակաս կօգտագործի, հատկապես գյուղաբնակները, սոցիալապես անապահովները կհրաժարվեն գազի օգտագործումից»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Այսինքն`գազի գնի բարձրացմանը զուգահեռ կնվազեն օգտագործման ծավալները: Դրա համար, ըստ նրա, պետք է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Հրազդանի ՋԷԿ-ում օգտագործվող գազի գնի իջեցման հարցում, քանի որ այն Ռուսաստանի սեփականությունն է: «Այս կարգի քայլեր պետք է կատարվեն, որպեսզի հետագայում կարողանանք հնարավորինս նվազեցնել այն լարվածությունը, որը սպասվում է»,- ընդգծեց Վ.Սաֆարյանը: