Անրի Ռենո. Հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա
«Այս տարի Բաստիլի գրավման 224-րդ տարեդարձն է և մենք ամեն տարի նշում ենք այս տոնը, որպես Ֆրանսիայի Ազգային տոն: Հուլիսի 14-ը շատ կարևոր նշանակություն ունի բոլոր ֆրանսիացիների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա խորհրդին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա ասաց, որ այս տոնը նշվում է որպես միապետության տապալման և բոլոր ֆրանսիացիների միավորման, համախմբման տոն: «Ֆրանսիացիների այս համախմբումն է, որ հանգեցրեց Ֆրանսիայի ուժեղ քաղաքականության ձևավորմանը: Ֆրանսիայի քաղաքական բոլոր այրերը հաշվի են առել այս տոնը և Ֆրանսիայի նախագահների որդեգրած քաղաքականության հիմքում ընկած է հենց ֆրանսիացիների համախմբման գաղափարը»,-ասաց բանախոսը:
Դեսպանը նշեց, որ միշտ էլ կլինեն տեղեր, որ Բաստիլների գրավման առիթներ լինեն: «Հեղափոխություն իրականացնողները որպես խորհրդանիշ առաջին պլան մղեցին կնոջը և նրա իրավունքները և ազատությունները: Հայաստանում էլ կանանցից ունեցած ակնկալիքները ավելի շատ են»,-ասաց Ա. Ռենոն:
Ֆրանսիայի դեսպանը ասաց, որ Հայաստանը ունի իր բաժին Բաստիլները և հասարակությունը պետք է ձեռնամուխ լինի Բաստիլների գրավմանը: Սա օրինաչափություն է, որից չի կարող զերծ մնալ որևէ երկիր:
Նրա խոսքերով, միայն Հայաստանում չէ, որ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացրել, այլ բարեփոխումները պետք է շարունակական լինեն աշխարհի բոլոր երկրներում:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին ներկա մակարդակին Ռենոն նշեց, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ բոլոր մակարդակներում և հարթություններում: «Քաղաքական հարաբերությունները նույնպես բավականին հագեցած են, երկուստեք փոխայցելությունները ակտիվ են և չկա այնպիսի տարի, երբ չգրանցվի փոխայցելություններ Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի նախագահի մակարդակներով»,-ասաց դեսպանը:
Ըստ նրա, Ֆրանսիան նաև գործուն մասնակցություն ունի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, որտեղ Ֆրանսիան համանախագահողներից մեկն է:
Նա ասաց, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները բավականին հագեցած են և Ֆրանսիան խոշոր ներդրողներից մեկն է Հայաստանի տնտեսության մեջ: «Ես հույս ունեմ, որ շուտով կլինեն նոր տնտեսական համագործակցության նախաձեռնություններ երկկողմ մակարդակով»,-ասաց դեսպանը: