Հայ ծրագրավորողները նամակ են հղել ԿԲ նախագահին
«Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ Panoarama.am-ը էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որտեղ նրան Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին մտահոգություն են հայտնում, թե ինչու Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ պրն Արթուր Ջավադյանին
Հարգելի պարոն Ջավադյան,
Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչու Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան: Փոխարենը փոստային առաքումով 2-3ամսվա ընթացքում ուղարկվում է Citibank-ի չեկ, որը հայկական բանկերը հրաժարվում են կանխիկացնել, նրանցից մեկն էլ կանխիկացնելու համար պահանջում է, որ առնվազն 1 տարի լինես իրենց բանկի հաճախորդ: Այս պայմանը բավարարող երջանիկ այցելուն ստիպված է ևս 1-2 ամիս սպասել և ահռելի միջնորդավճար վճարել գումարը ստանալու համար: Մինչդեռ հասարակ բանկային փոխանցումը կտևեր ընդամենը 1օր:
Մենք` հայաստանցի երիտասարդ ծրագրավորողներս, Ձեզ խնդրում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկեք Google-ի հետ բանակցելու և այս խնդիրը լուծելու համար:
Դա հնարավորություն կստեղծի որպեսզի արտասահմանից Հայաստան լուրջ փողեր ներհոսեն, կօգնի ծրագրավորողներին կայանալ և զարգանալ Հայաստանում և որոշ չափով կկրճատի լավ մասնագետների արտագնա աշխատանքը:
Հ. Գ. Ոչ պակաս կարևոր խնդիր է և ամոթ է մեր երկրի համար, որ 2013թ-ին մենք չենք կարող նորմալ օգտվել նաև PayPal համակարգից:
Հայ ծրագրավորողներ