Կուտակային կենսաթոշակների անցման գաղափարն ավելի քան երկու տարվա քննարկումների առարկա է ԼՂՀ խորհրդարանում
Հուլիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ նվիրված հանրապետությունում կենսաթոշակների կուտակային համակարգի անցման խնդիրներին։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։
Ներկա էին խորհրդարանի տարբեր մշտական հանձնաժողովների, խումբ-խմբակցությունների անդամ պատգամավորներ, ինչպես նաև, որպես հրավիրյալներ, ԼՂՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի, ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական ապահովության, արդարադատության նախարարությունների, հարկային պետական ծառայության, արհմիությունների ֆեդերացիայի պատասխանատուներ։
Լսումները վարում էին միջոցառումը նախաձեռնած գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Արամ Գրիգորյանը։
Ազգային ժողովի անունից ողջունելով Երևանից ժամանած գործընկերներին, միջոցառման մյուս մասնակիցներին, խորհրդարանի փոխնախագահ Արթուր Թովմասյան համոզմունք հայտնեց, որ այդ թեմատիկ հավաքը խիստ կարևոր հանրային նշանակություն ունի և կոչված է լրացուցիչ հստակեցնելու ԼՂՀ սոցիալական քաղաքականության առաջնային ոլորտում՝ կենսաթոշակային համակարգում, հետևողականորեն իրականացվող բարեփոխումները, 2014թ. հունվարից հանրապետությունում կուտակային համակարգին անցնելու գործընթացը։
ԱԺ փոխնախագահի հաղորդմամբ՝ կուտակային կենսաթոշակների անցման գաղափարն ավելի քան երկու տարվա քննարկումների առարկա է ԼՂՀ խորհրդարանում։ Այն քննարկվել է ամենատարբեր ձևաչափերով՝ խորհրդարանական լսումների, հարցի առնչությամբ գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերի տեսքով, իսկ վերջերս՝ հունիսի 27-ի լիագումար նիստում, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կուտակային համակարգի անցմանը վերաբերող մի ամբողջ օրենսդրական փաթեթ՝ բաղկացած 27 օրինագծից, այդ թվում՝ երեք մայր և 24 ուղեկից օրենքներից։
Համոզված եմ, խոսքի ավարտին ասաց նա, որ այս հերթական քննարկումները բավական օգտակար կլինեն ինչպես մեզ՝ պատգամավորներիս, նույնպես և Արցախի ողջ հասարակության համար։
Այնուհետև միջոցառման մասնակիցների առջև ամփոփ բանախոսություններով հանդես եկան Հակոբ Հակոբյանը և Վարդան Արամյանը՝ ներկայացնելով կուտակային համակարգի անցման պայմանները, հնարավորությունները և հեռանկարները, միևնույն ժամանակ չբացառելով խնդրո առարկա ոլորտի ներկայումս ձևավորվող օրենսդրական դաշտի հետագա փոփոխման և առավել հստակեցման հավանականությունը։
Այնուհետև նրանք պատասխանեցին լսումների մասնակիցների ամենատարբեր հարցերի՝ համապատասխան հիմնավորումներով պարզաբանելով նրանց մտահոգող խնդիրները»,- նշված է տարածված հաղորդագրությունում։