Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները. Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հուլիստասնմեկյան երեկոն փելեշյանական էր. «Մոսկվա» կ/թ-ում երեկ երեկոյան ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ» և «Կյանք» ֆիլմերը, որից հետո նա պատասխանեց իրեն ուղղված հարցերին:
Ներկաներից մեկը Մաեստրոյից հետաքրքրվեց, որ իր ֆիլմերը կրկին դիտելուց հետո նոր միտք առաջացա՞վ և հնարավո՞ր է այդ ֆիլմերը նոր մոտեցումով ներկայացվեին, թե նույնը կպահպանվեր:
«Ես չգիտեմ` բառերով ինչպես ասել դա, բայց չարչարվեմ ասել հետևյալը` ինչքան էլ աբսուրդ թվա այն, ինչ պետք է ասեմ, բայց դա իրականությունն է` ես մոնտաժ եմ անում ոչ միայն ներկա պատկերները, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ, նայելիս նոր բան եք տեսնում: Հետևաբար, ամբողջ ֆիլմը կառուցված է, իսկ ֆիլմի կեսը բացակա է: Բայց մոնտաժի, երաժշտության ու պատկերների շնորհիվ, նրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Հիմա եթե ես օրինակ բերեմ, դրա բացակայությունը կվերանա, կստացվի ներկայություն, հետևաբար խոսքը գնում է իսկական բացակայության մասին», -հարցին ի պատասխան արձագանքեց Վարպետը:
Մեկ այլ լրագրողի հարցին, թե Հայաստան վերադառնալու, այստեղ աշխատելու, ստեղծագործելու հնարավորություն ունի՞ Մաեստրոն, հնչեց պատասխան. «Երևի կա, տեսնենք, կլինի»: Իսկ երբ լրագրողը արձագանեց` ««Երևի»-ն համոզիչ չէ», Փելեշյանը նկատեց. «Համբերությունը լավ բան է»:
Տեղեկացնենք, որ համաշխարհային մշակույթում ունեցած բացառիկ վաստակի համար այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արտավազդ Փելեշյանին կհանձնվի «Ոսկե Ծիրան»-ի համար Մայր Աթոռի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը։
Մաեստրոյին ուղղված հարցերը ու դրանց յուրօրինակ փելեշյանական ոճով տրված պատասխանները ամբողջությամբ դիտեք տեսանյութում: