Պռոշյանի ընտրությունն անհարկի քաղաքականացվում է. Թեկնածու Արթուր Մուրադյանի ընտրական շտաբի հայտարարությունը
Պռոշյան համայնքում առաջադրված թեկնածու Արթուր Մուրադյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Այսօր մեր համայնքում կավարտվի նախընտրական քարոզչությունը, իսկ հուլիսի 14-ին պռոշյանցիները համայնքի նոր ղեկավար կընտրեն: Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրությունն այս ընտրության նկատմամբ և իբրև ամփոփում մեր քարոզարշավի, ցանկանում ենք վերահաստատել համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մուրադյանի՝ ընտրապայքարի հետ կապված դիրքորոշումը:
Անցած 10 օրերին մեր կողմից իրականացվող քարոզարշավն ընթացել է ժամանակակից, քաղաքակիրթ մեթոդներով: Մեր հանդիպումները բնակչության հետ անցել են փոխադարձ վստահության, բարյացակամության ու երկխոսության մթնոլորտում: Չնայած ոմանց սադրիչ հայտարարություններին ու ակնարկներին, այս ընթացքում ամբողջ համայնքում ևս մթնոլորտը հանդարտ էր և հուսով ենք՝ այդպիսին էլ կմնա նաև ետընտրական շրջանում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ «պայթյունավտանգ», «լարված» և նման որակումները Պռոշյանում իրականության հետ որևէ կապ չունեն:
Այս օրերին որոշ լրատվամիջոցների շուրթերով ոմանք փորձել և փորձում են շահարկել համայնքի նախկին ղեկավար լուսահոգի Հրաչ Մուրադյանի հիշատակը, ինչը մենք գնահատում ենք անընդունելի նախ և առաջ բարոյական տեսանկյունից և կրկին կոչ ենք անում մարդու արյան վրա դիվիդենտներ չհավաքել:
Եվս մեկ նկատառում. Պռոշյանի ընտրությունն անհարկի քաղաքականացվում է, փորձ է արվում ներկայացնել որպես «միջկուսակցական հակամարտություն», «շահերի ու սկզբունքների բախում» և այս ոգով նման այլ ձևակերպումներով:
Այո, Արթուր Մուրադյանը ՀՀԿ անդամ է և հպարտ է դրանով: Սակայն նա ինքնաառաջադրվել է՝ հիմնվելով համայնքում իր վայելած վստահության, համակրանքի ու սեփական նվիրվածության մեծ պաշարի վրա: Պռոշյանում բոլորը միմյանց ճանաչում են «ներսից», առավել ևս Արթուր Մուրադյանին, և կարիք չկա, որ նրան «դրսից» ներկայացնեն կամ «պաշտպանեն»: Արթուրը ծնվել ու ապրում է Պռոշյանում և պռոշյանցուց լավ նրան ոչ-ոք չի ճանաչում:
Իրականությունն այսօր մեկն է՝ պռոշյանցիները պետք է ընտրեն համայնքի ղեկավար և նրանց համար միևնույնն է, թե թեկնածուն ինչ քաղաքական կողմնորոշում ունի: Փոխարենն ամեն պռոշյանցու համար կարևոր է, թե ինչ ծրագրով ու ինչ քայլերով կգա համայնքի նոր ղեկավարը և ինչ կփոխվի իր մեծ ընտանիքում՝ Պռոշյանում, մանավանդ որ գյուղում խնդիրները շատ են և հրատապ: Եկեք այս մասին մտածենք և արդարացիորեն առաջնային համարենք սա:
Դիմում ենք Պռոշյանի ընտրությամբ հետաքրքրված բոլոր կողմերին, հարգարժան լրատվամիջոցներին, կոչ անում՝ առավելագույնս անաչառ լինել, զերծ մնալ ապատեղեկատվությունից ու կանխակալ մոտեցումներից: Վստահեցնում ենք՝ պահի «ինտրիգից» շատ ավելի կարևոր են պռոշյանցու հանգստությունն ու վաղվա օրը»: