Ավելցուկը անպայման չէ, որ աղբ դառնա
Նկարներից մեկն արված է Ֆրանսիայում, մյուսը` Հայաստանում: Նմանություններն այստեղ շատ են, երկուսն էլ` թոշակառու տարիքի, երկուսն էլ սնունդ հայթայթում են աղբամաններից: Բայց տարբերություններն ավելի շատ են:
Օրինակ մեկը:
Ֆրանսիացի այս տղամարդն ամսական 1000 եվրո /1300 դոլար/ թոշակ է ստանում, իսկ այս կինը` գուցե 20-30 հազար դրամ: Հիմա կասեք, Ֆրանսիայում ամեն ինչ թանկ է: Հակադարձեմ` Հայաստանում էլ էժան չէ:
Այս պապիկը գոնե աղբամանից դուրս բերած կերակուրը ստիպված չէ ձեռքով տուն հասցնել: Նա սուպերմարկետների հարևանությամբ գտնվող աղբամանների մոտ է գնում մեքենայով: Ըստ այստեղ ներկայացվածի, եվրոպացի պապիկին հաջողվում է ուտելիքի առատ պաշար հավաքել` ձու, կաթ, մրգեր: Լուսանկարներից երևում է, որ ապրում է մարդկային պայմաններում, ինչին կերազեն շատ հայաստանցիներ, սառնարանն էլ լի ու լի է, չնայած դրանց մեծ մասը` աղբամաններից է: Հայաստանցի տատիկին դժվար թե նման բան հաճախ հաջողվի:
Ի վերջո, Ֆրանսիայում աղբամաններն էլ այն աղետալի ու կեղտոտ վիճակում չեն, ինչ այստեղ: Երևի սա է պատճառը, որ Ֆրանսիայում աղբամաներից օգտվողների միջև մրցակցությունը հաճախ վերածվում է ծեծկռտուքի:
Ֆրանսիացի 87-ամյա Եվգենին խոստովանել է, որ շատ հաճախ սպասում է մութն ընկնելուն, որ հարևաններից աննկատ մնա:
Օրերս խմբագրություն եկած կինը պատմում էր, որ ծանոթներ ունի, ովքեր սննդամթերքը, շուշեղենը, հագուստը դնում են տոպրակի մեջ ու թողնում աղբամանի կողքին, մտածելով, որ դա ինչ-որ մեկին պետք է, կգան ու կվերցնեն: Իսկ եթե իսկապես դրանք կարիքն ունեն, բայց տեղը չգիտե՞ն:
Օրինակ, ասում են, կան երկրներ, որտեղ հատուկ տարածքներ են առանձնացված` չքավորների համար ուտելիք, հագուստ ու այլ պարագաներ թողնելու համար:
Միգուցե Հայաստանում էլ, որտեղ կան չքավոր ու ամեն ինչի կարիք ունեցող մարդիկ, նման տարածքներ հատկացվե՞ն: Մարդ անհարմար է զգում տանել աղբամանի մոտ այն, ինչը կուզեր, որ որևէ մեկը օգտագործի: Կրպակներում էլ, երբ միրգն ու բանջարեղենը մի քիչ սևանում են, հնանում, հենց գնողունակ տեսքը կորցնում են, կրպակատերը տանում է ու թափում:
Կարելի է և սա չթափել: Նույնիսկ նրանք, ովքեր նման տեսքի մթերք չեն գնում, տանն ունեն ու օգտագործում են:
Հնարավո՞ր է նման հարց քննարկվել է Երևանի քաղաքապետարանում, միգուցե հրապարակումը առիթ դառնա` քննարկելու: Այս ու այլ հարցեր արդեն գրավոր կարգով ուղարկվել են քաղաքապետարան: Խոստացել են` կպատասխանեն:
Ինչո՞ւ հենց Երևանի քաղաքապետարան:
Մարզերում, ճիշտ է, մարդիկ սոցիալապես ավելի վատ պայմաններում են ապրում, բայց գոնե ծառ, այգի կամ էլ տան դիմաց փոքրիկ հողամաս ունեն, կարող են լավ կամ վատ գոնե հացի խնդիր լուծել, եթե իրենք չունեն, հարազատները կօգնեն, կամ եթե դա էլ չլինի, ապա գյուղերում բոլորը իրար ճանաչում են, ամոթ է, ի վերջո` աղբամաններ էլ չկան:
Աղբաման չլինելն էլ այլ հարց. Գիտե՞ք ուր են թափում աղբը գյուղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան