Պռոշյանում լռության օր է
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում վաղը, հուլիսի 14-ին կայանալիք գյուղապետի արտահերթ ընտրություններից առաջ, այսօր լռության օր է: Նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո թափուր մնացած գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական «ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը: Հրաչ Մուրադյանին սպանել էին ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց:
Հուլիսի 14-ին գյուղապետի արտահերթ ընտրություններ կկայանան նաև Շիրակի մարզի Հովիտ գյուղում. այստեղ առաջադրվել են ՀՀԿ անդամ Ավետիք Սերոպյանը և անկուսակցական, գյուղի անասնաբույժ Ռազմիկ Հակոբյանը: Հովիտի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին հանկարծամահ էր եղել: