«Պետությունը պետք է իրականացնի կարգավորիչ և վերահսկիչ գործառույթ, որպեսզի երկրում սոցիալական բողոքի ալիք չբարձրանա»
«Եթե թանկացումները լինեն այն սահմաններում, որ համարժեք է գազի գնի թանկացմանը, ապա այդ դեպքում սոցիալական բումի մասին խոսք լինել չի կարող»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Իսկ եթե, ըստ նրա, լինեն չարաշահողներ և շղթայական ռեակցիայով դա տարածվի ամբողջ տնտեսությունում, ապա այդ դեպքում չի կարելի բացառել, որ սոցիալական բում կլինի: Թ.Մանասերյանը կարծում է, որ պետությունը պետք է իրականացնի կարգավորիչ և վերահսկիչ գործառույթ, որպեսզի երկրում սոցիալական բողոքի ալիք չբարձրանա: «Եթե վերահսկողությունը պատշաճ մակարդակով իրականացվի, կարծում եմ` նման երևույթի մասին խոսելու կարիք չի լինի»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա` որևէ ապրանքի կամ ծառայության գնի բարձրացման դեպքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու պետք է սպառողին հաշվետություն ներկայացնի` որն է թանկացման պատճառը: Եթե դա հիմնավոր լինի, ապա չի կարծում, որ դժգոհությունը մեծ կլինի, և մարդիկ կհասկանան, թե ինչի հետևանք է դա, իսկ եթե թափանցիկ չեն այդ բոլոր քայլերը և չի ներկայացվում, թե ինչի պատճառով է գների թռիչքը, ապա այդ դեպքում, բնականաբար, դժգոհությունը կմեծանա և կդառնա անվերահսկելի:
«Այս ամենի վերջը վատ կլինի, եթե պետությունը իր տեղում չլինի և շատ ավելի զուսպ կլինեն այս բոլոր գործընթացները, եթե ամեն ինչ վերահսկելի լինի»,- ասաց Թ.Մանասերյանը: