Թուրքիան պաշտոնապես արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
Վկայակոչելով «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքի հրապարակումը` Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` օրերս հնչեցրած այն տեսակետին, համաձայն որի, հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված իրավաբանների համաժողովում Աղվան Հովսեփյանի այդ ելույթը լայն արձագանք էր ստացել թուրքական մամուլում, որտեղ այն գլխագրվել էր նմանատիպ վերնագրերով . «ՀՀ գլխավոր դատախազը Թուրքիայից հողային պահանջներ ունի», «Հայաստանից տարածքային պահանջ` Թուրքիային»:
Նույն աղբյուրի համաձայն` Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենթ Գյումրուքչուն պատասխանել է Աղվան Հովսեփյանի խոսքերին` մասնավորապես ասելով.
«Մտահոգությամբ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հուլիսի 5-6 Երևանում կազմակերպված հայ իրավաբանների համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոսել է Թուրքիայի և Հայաստանի միջև եղած սահմանի իրավականորեն սահմանված չլինելու և կորուսյալ հայկական հողերի` Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Գլխավոր դատախազի կարևոր պաշտոնը զբաղեցրած պաշտոնյայի կողմից արված այս հայտարարությունը` կապված հարևան Թուրքիայի տարածքային ամբողջականության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, ցույց է տալիս, որ Հայաստանում իշխում է խնդրահարույց մտածողություն: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ին անդամակցած այս պետությունը միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնած իր պարտավորոթյուններին հակառակ է գործում: Պետք է քաջ գիտենալ, որ ոչ ոք չի կարող համարձակվել հողային պահանջ ներկայացնել Թուրքիային»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում