Էդուարդ Սնոուդենին ցանկանում են առաջադրել Նոբելյան մրցանակի
Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, Ումեո սոցիոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Սվալֆորսը նամակ է հղել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովին, որում կոչ է արել ամերիկյան գաղտնի հետախուզական ծրագրերը բացահայտած Էդուարդ Սնոուդենին Նոբելյան մրցանակ շնորհել: Այս մասին տեղեկացնում է բրիտանական «ԲիԲիՍի»-ն:
Նամակում նշվում է, թե «Ի հեճուկս իր շուրջ ստեղծված բարդ վիճակի, Սնոուդենի հերոսական ջանքերը լույս են սփռում այն լայնամասշտաբ լրտեսական գործունեության վրա, որն իրագործում է Միացյալ Նահանգները: Շնորհիվ Սնոուդենի խիզախության, աշխարհը դարձել է ավելի լավն ու առավել անվտանգ»,- գրում է պրոֆեսորը:
«Իտառ-Տասս» գործակալությունը, բրիտանական մամուլին հղումով, նշում է, թե Սնոուդենը չի կարող ընդգրկվել 2013 թ-ի Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում, քանի որ առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է սույն թվականի փետրվարի 1-ին, սակայն նա կարող է մրցանակի համար պայքարել 2014 թ-ին:
Նշվում է նաև, թե եթե Սնուդենին, այնուհանդերձ, հանձնվի Նոբելյան մրցանակ, ապա նա կդառնա պատմության ընթացքում հեղինակավոր այդ մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:
Հատկանշական է, որ պրոֆեսորն անձամբ քիչ հավանական է համարում մրցանակի հանձնումը ամերիկացուն: Շվեդական ռադիոյի հետ զրույցում Սվալֆորսը պարզաբանել է, թե հանձնաժողովը չի գնա այդ ռիսկին, քանի որ ԱՄՆ-ում Սնոուդենի նկատմամբ լրտեսության մեղադրանքով քրեական գործ է հարուցված իսկ նրա նկատմամաբ միջազգային հետախուզում է հայտարարված:
Հիշեցնենք, ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը, ով այժմ գտվում է Մոկվային Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում, վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտել էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնի ծրագրեր, որը միջազգային սկանդալ էր առաջացրել: