Քաղաքագետ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը նոր տրամաբանության ու առաջարկությունների կարիք ունի
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղային վիճակում է: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների հիմնական նպատակն է այդ վիճակից դուրս գալու ինչ-որ ճանապարհներ գտնելը: Ասուլիսում նման դիտարկումներ արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից ու դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, ըստ քաղաքագետի, միակ լուրը հույսն է, որ մինչև տարեվերջ կարող է կազմակերպվել երկու երկրների նախագահների հանդիպումը. «Սա նշանակում է, որ լուրջ ձեռքբերում չկա»:
«Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարությունը, որտեղ Մադրիդյան սկզբունքները չէին նշվել, վկայում է, որ դրանք տապալված են: Բանակցությունները նոր տրամաբանության ու առաջարկությունների կարիք ունեն»,- կարծիք հայտնեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նրա դիտարկմամբ՝ այսօր բանակցային գործընթացում գլխավոր հարցը վստահության մթնոլորտի վերականգնումն է, որը խաթարվել էր նախորդ տարվա օգոստոսին, երբ Հունգարիան ադրբեջանցի մարդասպան Ռ. Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին, այնուհետև՝ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհեց: