ԱՆ-ն պատասխանել է կարմրուկի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերին
ՀՀ պետական սահմանային անցումային կետերում գտնվող սանիտարակարանտինային կետերն այս պահին աշխատում են ուժեղացված ռեժիմով: Նրանց կողմից կատարվում է ուղևորների զննում՝ կարմրուկի կասկածելի ախտանիշներով (ջերմություն, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, աչքերի բորբոքում, հազ, ցան) անձանց վաղաժամ հայտնաբերման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից պատասխանելով քաղաքացիներից կողմից կարմրուկի վերաբերյալ ամենահաճախ տրվող «Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի տարածումը կանխելու» հարցին:
Սակայն կարող է մարդը լինել հիվանդության գաղտնի շրջանում և սահմանը հատելիս ոչինչ չհայտնաբերվի, իսկ հետագայում` արդեն կլինիկական ախտանշանները դրսևորվեն բնակավայրում: Նման դեպքերում նրանց խորհուրդ է տրվում կարմրուկին բնորոշ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բնակավայրի բուժհաստատություններին: Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով իրականացվում է նաև ուժեղացված հսկողություն ջերմությամբ և ցանով ուղեկցվող հիվանդների նկատմամբ՝ հիվանդության դեպքերը վաղաժամ հայտնաբերելու համար:
Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի ներբերումը կանխելու համար:
Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով բոլոր պատվաստում իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպությունները հրահանգված են կամավոր և ավճար հիմունքներով պատվաստումներ կատարելու մասին: Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր պլանավորել են մեկնել հանրապետությունից դուրս՝ գործուղման կամ ակտիվ հանգստի համար, եթե չունեն պատվաստումային կարգավիճակ կամ նախկինում չեն հիվանդացել: Եթե պատվաստումային կարգավիճակը փաստագրված չէ բժշկական փաստաթղթերում կամ հիվանդությունը հաստատված չէ լաբորատոր հետազոտությանբ կամ ապացուցված չէ համաճարակաբանական կապը կարմրուկով հիվանդի հետ, նման դեպքերում մոտեցումը նույնն է՝ դիտվում է որպես կարմրուկի նկատմամբ ընկալ օրգանիզմ և առաջարկվում է գոնե 1 դեղաչափ պատվաստում:
Վտանգավոր չէ՞ առողջության համար լրացուցիչ պատվաստումը, եթե մարդը չի հիշում իր հիվանդացման կամ պատվաստման մասին:
Ոչ վտանգավոր չէ: Եթե մարդը նախկինում հիվանդացել է կարմրուկով կամ պատվաստվել է, սակայն այդ մասին տեղեկություն չունի կամ չի հիշում, լրացուցիչ պատվաստվելու դեպքում այն հակամարմինների առաջացման համար որպես խթանիչ դեղաչափ կլինի: Նույն մեխանիզմով է բացատրվում 1 տարեկանում առաջին ԿԿԽ պատվաստումից հետո 6 տարեկանում խթանիչ /բուստեր/ երկրորդ դեղաչափի ազդեցությունը:
Ե՞րբ պետք է պատվաստվել` լիարժեք պաշտպանություն ապահովելու համար:
Պատվաստվելուց հետո սկսվում է կարմրուկի դեմ հակամարմինների առաջացումը՝ մարդը պատվաստման 10-15-րդ օրը կարմրուկից պաշտպանված է մոտ 70 տոկոսով: Պատվաստվողի մոտ լիարժեք պաշտպանություն ապահովվում է պատվաստումից հետո 4 շաբաթվա ընթացքում:
Պետական սահմանային անցման կետում պահանջվում է որևէ՞ փաստաթուղթ կարմրուկի դեմ պատվաստման վերաբերյալ:
Պատվաստման վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՀ պետական սահմանային անցման կետերում չի պահանջվում:
Կարո՞ղ է մարդը շփվել կարմրուկով հիվանդի հետ և չհիվանդանալ:
Եթե պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ՝ գրեթե 100 տոկոսով կվարակվի և կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Ինչպե՞ս է փոխանցվում կարմրուկը:
Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի և խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը: