Վովա Սահակյանի նախընտրական շտաբը ընտրության արդյունքների վերանայման պահանջով դիմում է ներկայացրել ԿԸՀ
Պռոշյան համայնքի ղեկավարի պաշտոնում ինքնառաջադրված ՀՅԴ անդամ, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը ընտրության արդյունքների վերանայման պահանջով դիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին Pamorama.am-ին ասաց Վ. Սահակյանի նախընտրական շտաբի պետ Տարոն Տոնոյանը:
Նա չասաց, թե ինչ խախտումներ են արձանագրել: «Արդյունքների պատրաստ լինելուց հետո ամեն ինչ կասենք»,- ասաց Տ.Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյան գյուղում կայացած գյուղապետի արտահերթ ընտրություններում, նախնական տեղեկություններով, փոքր առավելությամբ հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը:
Տեղամասերից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով Պռոշյան համայնքում առկա երկու տեղամասերից մեկում հաղթել է դաշնակցական Վովա Սահակյանը, իսկ մյուսում՝ Արթուր Մուրադյանը: Երկու տեղամասերից միասին, սակայն, Արթուր Մուրադյանը ստացել է 1317 քվե, իսկ Վովա Սահակյանը՝ 1241: Երրորդ թեկնածուն՝ Ալեքսան Ալեքսանյանն ընդհանուր առմամբ ստացել է 178 ձայն: 61 քվեաթերթիկ եղել է անվավեր:
Այսպիսով 76 ձայների առավելությամբ ընտրություններում հաղթել է Արթուր Մուրադյանը: