Կահիրեում ցրել են նախկին նախագահի կողմնակիցներին
Հուլիսի 15-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել իշխանությունից հեռացված նախագահ Մոհամադ Մուրսիի կողմնակիցների ցույցը ցրելու ընթացքում: «Ֆրանս Պրես» գործակալության տեղեկացմամբ՝ նախօրեին մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հազարավոր ցուցարարներ փակել են կենտրոնական մի քանի փողոցներ՝ փորձելով հախուռն երթ կազմակերպել դեպի նախագահական նստավայր և Հանրապետական գվարդիայի զորանոցներ, որտեղ, ինչպես ենթադրվում է, պահվում է Մոհամադ Մուրսին:
Ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների հետևանքով տուժել է 22 մարդ: Մոհամադ Մուրսիի հեռացումից հետո Եգիպտոսի տարբեր քաղաքներում պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացվում հօգուտ նախկին նախագահի: Հիմնականում «Մուսուլման եղբայրներ» կուսակցության կողմնակիցների նախաձեռնած ակցիաների պահանջն է ազատ արձակել Մուրսիին, ում հեռացումը համարում են անօրինական, իսկ բանակի գործողությունները «ռազմական հեղաշրջում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի զինվորական հրամանատարությունը չեղյալ էր հայտարարել երկրի Սահմանադրությունը և հայտարարել, թե Մոհամադ Մուրսին այևս չի հանդիսանում երկրի նախագահ: Մինչ նոր նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրի նախագահի լիազորությունները ժամանակավորապես հանձնվել էր Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրին: