Երևանում մեկնարկեց Հայաստան-Իրան գործարար համաժողովը
Երևանում այսօր մեկնարկեց Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Զարգացման հայկական գործակալության, Թեհրանի և Հայաստանի առևտրարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ:
Համաժողովի բացմանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ թեև Իրանը Հայաստանի հինգերորդ առևտրական գործընկերն է և հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ, սակայն դրա մի փոքր մասն է միայն օգտագործվում: «Այս համաժողովը հերթական քայլն է` երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և նոր ոլորտներում համագործակցության համար»,- ասաց Ա.Պետրոսյանը:
Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էսհաղը ևս նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև առկա ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների համար ընդունելի չեն, քանի որ առկա հսկայական ներուժը չի օգտագործվում:
Ըստ նրա` Հայաստանը Իրանի համար համարվում է կարևոր երկիր` ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի կառուցման, ինչպես նաև՝ գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնապահության ոլորտի համագործակցության առումով: «Հաշվի առնելով Հայաստանում առկա ջրի պաշարների մեծ ծավալները, հնարավոր է հատկապես գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումներ կատարել»,- ասաց Յահյա Ալե-Էսհաղը:
Նրա խոսքով` հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար կան բոլոր նախադրյալները: Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերություններն ավելի զարգացնելու, իրանցի գործարարներն էլ պատրաստակամ են համագործակցել հայ գործարարների հետ: «Երկու երկրների միջև կա կամք, որպեսզի տնտեսական հարաբերություններն վելի խորացնեն: Մեր հայ գործընկերներից ակնկալում ենք, որպեսզի առավել ակտիվ քայլեր ձեռնարկեն»,- ընդգծեց Յահյա Ալե-Էսհաղը:
Ինչ վերաբերում է առտևաշրջանառության ծավալներին, ապա 2011 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է դոլար 323.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012 թվականին` 317.7 մլն ԱՄՆ դոլար): Ընդ որում` 2011-ին Հայաստանից Իրան արտահանման ծավալը կազմել է 106.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012-ին` 97.8 մլն ԱՄՆ դոլար: 2011 թվականին Իրանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 216.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012-ին` 219.9 մլն ԱՄՆ դոլար:
2011 թվականին ՀՀ-ից Իրան է արտահանվել հիմնականում` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, կենդանի կենդանիներ, սև մետաղներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, ալյումին և իրեր դրանից:
2011 թվականին Իրանից ՀՀ է ներմուծվել հիմնականում` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր; պլաստմասսա և իրեր դրանից; անօրգանական քիմիական միացություններ, ռադիոակտիվ էլեմենտներ և իզոտոպներ, պարարտանյութեր; աղ, ծծումբ, հող և քար, սվաղման նյութեր, կրաքար և ցեմենտ:
Նշենք, որ համաժողովին մասնակցելու համար Իրանից ժամանել է ավելի քան 60 ընկերություն, որոնք ներկայացնում են տարբեր բնագավառներ՝ մսամթերքի արտադրություն, էլեկտրասարքավորումների փորձարկում և ստուգում, պոլիէթիլեն սարքավորումների և կաղապարների արտադրություն, ճենապակյա անօթների արտադրություն, մոլիբդեն ածանցյալների արտադրություն, շինարարական, առևտրական, գյուղատնտեսական, բնական կաշվի արտադրություն և վաճառք, նավթաքիմիական արտադրանք, ինժեներա-տեխնիկական ծառայություններ, ճարտարագիտական ծառայություններ ջրի ռեսուրների ոլորտում և այլն:
Նշենք, որ համաժողովի շրջանակներում տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային հարաբերությունները ընդլայնելու նպատակով, փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Թեհրանի Առևտրաարդյունաբերական պալատի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի միջև: