«ՀԱԿ-ը պատվերով համերգ է կատարում»
«ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե հարմար պահին իրենք պահանջելու են ՀՀ նախագահի իմպիչմենտը: Հայաստանի համար ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների համատեքստում (Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը, Վերահսկիչ Պալատի զեկույցը) իր մասին հիշեցնելու ՀԱԿ-ի փորձերը նման են պատվերով համերգի: Վերջին անգամ «իմպիչմենտ» կոչված խայծը մարդկանց մի որոշ զանգված կուլ տվեց 2011-ի աշնանը, այն էլ ՀԱԿ-ի նախաձեռնությունը տապալվեց»,- գրում է «Голос Армении»-ն:
Թերթը նկատում է, որ եթե իմպիչմենտի հարցում ՀԱԿ-ը հույսը դրել է ԲՀԿ-ի վրա, ապա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկայնն ու Նաիրա Զոհրաբյանը հստակ հայտարարել են, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, և ԲՀԿ-ն ՀՀԿ-ից պոկելու Լևոն Տեր-Պետրոսյանի իբր փորձերը հանգեցրին նրան, որ ՀԱԿ-ը դարձավ ԲՀԿ-ի կցորդը: «Իմպիչմենտի համար հարմար պահ չկա և չի էլ լինելու, պարզապես կա դատարկ փուչիկ, որը հերթական անգամ ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դնում ցույց տալու համար, թե իրենք դեռ կարող են պատվերով համերգներ տալ»,-գրում է «ГА»-ն` հավելելով, որ Լ. Զուրաբյանի այն հայտարարությունները, թե ՎՊ-ի զեկույցի վերաբերյալ արձագանքում ՀՀ նախագահը չարաշահել է իր լիազորությունները, չեն համապատասխանում իրականությանը. «Իրականում, իր լիազորությունները չարաշահել է ՎՊ նախագահը` անձնական կարծիք հայտնելով, իսկ ՀՀ նախագահը հիշեցրել է Իշխան Զաքարյանին, որ ՎՊ-ի լիազորությունները հստակ ամրագրված են օրեքնով, և ՎՊ նախագահը իրավունք չունի անձնական կարծիքի տեսքով քաղաքական հայտարարություններ անել»,-գրում է թերթը: