The Independent. Օսկարակիր ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովն` ընդդեմ Իլհամ Ալիևի
Բրիտանական The Independent լրատվականն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի երկու հիմնական թեկնածուներին`գործող նախագահ Իլհամ Ալիևին և Ռուստամ Իբրահիմբեկովին, ով բացի Ադրբեջանից ամենուր հայտնի է որպես ռեժիսոր և սցենարիստ: Ադրբեջանում Իբրահիմբեկովն ընդդիմության միակ հույսն է:
The Independent-ը նախ ներկայացնում է Իլհամ Ալիևի անցած ուղին. «Պարոն Ալիևը, ով հաջորդել է 10 տարի շարունակ Ադրբեջանի նախագահ հանդիսացած իր հորը՝ Հեյդար Ալիևին, փոխել է սահմանադրությունը, որպեսզի կարողանա սպասվող նախագահական ընտրություններում երրորդ անգամ վերընտրվել: Նա երկրի նավթային արդյունաբերությունից ստացված գումարներն օգտագործել է մայրաքաղաք Բաքուն արդիականացնելու և այն Կասպից ծովի փայլփլող Դուբայը դարձնելու համար»:
Ըստ պարբերականի՝ երկրի նավթային պաշարների պատճառով արևմտյան կառավարություններն աչք են փակում Ադրբեջանի կոռումպացված էլիտայի վրա, իսկ այն ադրբեջանցիներն, ովքեր բարձրաձայնում են այդ խնդիրները, «խուլիգանության» մեղադրանքով հայտնվում են ճաղերի հետևում: Խադիջա Իսմայիլովայի դեպքը լրագրողների հանդեպ հալածանքների վառ օրինակ է: Իր լրագրողական հետաքննության պատճառով, նրան սպառնացել են և անձնական բնույթի լուսանկարներ հրապարակել:
Բրիտանական աղբյուրն այնուհետև անդրադառում է մյուս թեկնածուին՝ ընդդիմության միակ առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովին: Վերջինս պնդում է, որ ինքը պատրաստվում է երկու տարով միջանկյալ նախագահ լինել, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ ու խորհրդարանական հանրապետություն ստեղծելու համար հանրաքվե անցկացնել: Ավելին, Իբրահիմբեկովը համոզված է, որ Ադրբեջան վերդառնալուն պես նրան կձերբակալեն կամ նույնիսկ կսպանեն: Հենց այդ պատճառով էլ նա դեռ Մոսկվայում է:
Հանրաքվեն և արդար ընտրությունները Իբրահիմբեկովի միակ պլանները չեն: Իլհամ Ալիևի դեմ դատական գործընթաց սկսելու իր պլանների մասին հարցը շրջանցելով՝ ռեժիսորը հավաստիացնում է. «Ես արյունահեղության կողմնակից չեմ, բայց թալանված գումարները վերադարձնելու մեխանիզմ առնվազն պետք է լինի»:
Ի դեպ, Իբրահիմբեկովն ինքը ժամանակին Իլհամ և Հեյդար Ալիևների մտերիմն է եղել: Համացանցում տարածված տեսանյութերից մեկում, պարոն Ալիևը ռեժիսորի տաղանդն ու Ադրբեջանին բերած նրա համբավի համար կենաց է խմում: Ընդդիմադիր առաջնորդի խոսքերով ինքը և մի շարք մշակութային գործիչներ ուրախ էին, որ Հեյդար Ալիևին հաջորդեց երիտասարդ և առաջադեմ քաղաքական գործիչ, բայց 2007թ. արդեն պարզ էր, որ Իլհամ Ալիևի իշխանությունը գնալով ավելի ավտորիտար է դառնում:
Ըստ նախկին ԱՄՆ դիվանագետ Ռեբեկա Վինսենտի, ով այժմ զբաղվում է Բաքվում մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ Ադրբեջանում 80-ից ավել քաղբանտարկյալ կա և Զրպարտության մասին օրենքի մեջ նոր փոփոխությունները, որոնց պատճառով մարդիկ կարող են ձերբակալվել նախագահի կամ կառավարական գործիչների հասցեին Ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում քննադատական գրառումներ կատարելու համար, ավելի քան անհանգստացնում են: Վերջերս մարզային քաղաքներում մի շարք բողոքի ցույցեր տեղի ունեցան: «Այդ ցույցերը ավելի կատաղի են դարձել, որը վկայում է աճող դժգոհության մասին», - հավելեց Վինսենտը:
Ընդդիմադիր բլոգեր և լրագրող Էմին Միլլին կարծում է. «Ռեժիմն այնքան կայուն չէ, ինչքան Ալիևն է բոլորին վստահեցնում կամ ինչքան ամերիկյան և բրիտանական հաստատություններն են հայտարարում, մարզերում մեր տեսած խռովությունները կարող են ապագա իրադարձությունների միայն նախերգանքը լինել: Սա պատմական պահ է, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում ընդդիմությունը երբեք այսպես չի միավորվել»: