Պռոշյանի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը սկսել է
Քիչ առաջ մեկնարկել է Պռոշյանի գյուղապետի ընտրության արդյունքների վերահաշվարկը: Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, ով ներկա է վերահաշվարկի գործընթացին:
Ինչպես տեղեկացրել էր Panorama.am-ը, Պռոշյան համայնքի ղեկավարի պաշտոնում ինքնառաջադրված ՀՅԴ անդամ, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը ընտրության արդյունքների վերանայման պահանջով դիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ Պռոշյան գյուղում կայացած գյուղապետի արտահերթ ընտրություններում,նախնական տեղեկություններով, փոքր առավելությամբ հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը:
Տեղամասերից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով Պռոշյան համայնքում առկա երկու տեղամասերից մեկում հաղթել է դաշնակցական Վովա Սահակյանը, իսկ մյուսում՝ Արթուր Մուրադյանը: Երկու տեղամասերից միասին, սակայն, Արթուր Մուրադյանը ստացել է 1317 քվե, իսկ Վովա Սահակյանը՝ 1241: Երրորդ թեկնածուն՝ Ալեքսան Ալեքսանյանն ընդհանուր առմամբ ստացել է 178 ձայն: 61 քվեաթերթիկ եղել է անվավեր:
Այսպիսով 76 ձայների առավելությամբ ընտրություններում հաղթել է Արթուր Մուրադյանը: