Նոր Հարավային Ուելսն ու Արցախը մտադիր են զարգացնել կապերը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի և Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախին սատարելու և մեր պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարևոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման և երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից:
Երկուստեք նշվել են փոխգործակցության համար առկա բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ և պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև:
Նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և հարաբերություններն ամրապնդել ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում