Փաստաբան Բալոյանը պատրաստ է օգնել Հարությունյանին
Քննարկվում է Հրաչյա Հարությունյանի համար երրորդ դատապաշտպանին ներգրավելու հնարավորությունը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ԱԳՆ-ից:
Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը պատրաստակամություն է հայտնել ծառայության համար առանց որևէ վճարի դառնալ Հարությունյանի փաստաբանը: Panorama.am-ին նա հայտնեց, որ իրեն դիմել են նաև Հարությունյանի հարազատները, այսօր կհանդիպի նրանց հետ, կլինեն նաև այլ հանդիպումներ, որոնց արդյունքում «հարցը վերջնական կորոշվի»:
Փաստաբանի խոսքով՝ իր հետ կապ են հաստատել և՛ Մոսկվայից, և՛ Երևանից, առաջարկել են գումար փոխանցել հաշվեհամարին, Ռուսաստան մեկնելու և այնտեղ մնալու ծախսերը հոգալու համար:
«Մոսկվայից անհատներ են զանգել, հաշվեհամարս են խնդրել, բայց դեռ ոչ ոքի չեմ տվել: Այս պահին անհրաժեշտ է, որ շատ արագ փաստաբան գտնվի Հրաչյա Հարությունյանի կողքին, ով լավ տիրապետում է ավտավթարների գործերին»,- ասաց Բալոյանը:
Նրա խոսքով, եթե ապացուցվի Հարությունյանի մեղքը, նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում, սակայն լավ պաշտպանության դեպքում՝ չի բացառվում, որ նա արդարացավի:
«Այս պահին Հրաչին մեղադրանք է առաջադրվել, բայց եթե արգելակային համակարգը չի գործել, այս պահին ամեն դեպքում Հրաչյայի մեղքն ապացուցված չէ: Դեռ նրանք պետք է փորձեն ապացույցներ ձեռք բերեն` մեղավորությունը հիմնավորելու հարցում»,- ասաց փաստաբանը:
Բալոյանի կարծիքով, եթե ապացուցվի, որ Հարությունյանը չէր կարող այդ անսարքությունը հայտնաբերել, ապա Հրաչյան պետք է ընդհանրապես ազատվի քրեական պատասխանատվությունից:
«Պատիժը չպիտի կրի: Անսարք մեքենա են տրամադրել»,- ասաց նա:
Նշենք, որ 11 ժամ առաջ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր հանդիպում են ունեցել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեսպանության նկատառումները գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, երեկ կայացած դատական նիստին Հ.Հարությունյանի ներկայության վերաբերյալ:
Ոստիկանության ներկայացուցիչներին է փոխանցվել նաև Մոսկվայի ոստիկանապետին ուղղված ՀՀ դեսպանի նույնաբովանդակ նամակը:
Հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաև Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման և քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության ապահովման մասին:
Մոսկվայում ՀՀ դեսպանատունը շարունակում է մշտական կապ պահպանել ինչպես քննչական մարմինների, այնպես էլ Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ»:
Հիշեցնենք, հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ»-ը բախվել է ուղևորներ փոխադրող ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսը երկու կեսի է բաժանվել, զոհվել է 18 մարդ, կան մի քանի տասնյակ վիրավորներ:
Հարությունյանը չի ընդունում մեղքը` հայտարարելով, թե մեքենայի արգելակները չեն գործել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Նախորդող հրապարակում`