Վերնիսաժյան պատմություններ. «Ճահճի մեջ ես, բայց ո՛չ խեղդվում ես, ո՛չ էլ թողնում է դուրս գալ»
25 տարի է նկարիչ Անդրանիկ Փահլևանյանը Վերնիսաժում վաճառում է իր ստեղծած կտավները: Նա ծանոթ է «վերնիսաժի ողջ պատմությանը»: «Սկզբից լավ էր վաստակելու առումով, քանի որ նկարիչները քիչ էին, գնորդները շատ: Այնուհետև խորհրդային միության փլուզում, անկախացում… Գնորդները քչացան, հետո շատացան: Նկարները էժանացան, հիմա մի քիչ թանկացել են, քանի որ կյանքն է թանկացել: Նույն սպասողական դժգոհ վիճակն է»,- Panorama.am-ի հետ զրույցում հիշում, պատմում, միաժամանակ դժգոհում է նկարիչը:
Ա. Փահլևանյանն ասում է, որ լինում են ամիսներ, որ ոչ մի նկար չի վաճառում. «Ապրուստիս միակ միջոցն է»: Նույնը ասացին նաև այլ «նկարիչ-վաճառողներ»:
«Ավելի ճիշտ է հարցրեք` լինո՞ւմ է օր, որ վաճառում եք: Անցած ամիս, այն էլ հենց ամիս 1-ին, վաճառել եմ երեք նկար ու մինչև օրս այլևս ոչինչ»,- մեզ հետ զրույցում նույնպես մտահոգված ասաց մասնագիտությամբ ճարտարապետ, կահույքագործ, բայց արդեն երկու տարի է հայկական մանրանկարչությունից պատկերներ արտատպող Մամիկոն Ասլիբեկյանը: Նա նշեց, որ իր պատկերների հիմնական գնորդները սփյուռքահայերն են. «Մի ֆրանսուհի մոտեցավ վերջերս: Բավականին երկար նայեց, բայց չգնեց»: Մ. Ասլիբեկյանն ասաց, որ երկու տարի է, ինչ կանգնում է վերնիսաժում, բայց այս երկու տարվա ընթացքում նկատել է, որ գնորդները գնալով քչանում են: «Մյուսներն էլ նույն են ասում, ովքեր տարիներ շարունակ այստեղ են, որ գնորդները շատ են քչացել: Օր է լինում՝ այստեղով ոչ մի մարդ չի անցնում»,- ասում է նա:
Մեր երկու զրուցակիցներն էլ կիսվեցին մեզ հետ. հիմնականում նկարում են «վերնիսաժին հարմար». այսինքն` չեն դրսևորում իրենց ամբողջությամբ: «Կատարողականի առումով խնդիր չունեմ, մտածելակերպ էլ կա, պարզապես չեմ կարող տևական ժամանակ կտրվել ու նվիրվել դրան, քանի որ կլինի ապրուստս վաստակելու աշխատանքի հաշվին գործողություն: Բացի այդ, այս դեպքում էլ պետք է աշխատանքս վաճառեմ այն նույն գնով, ինչ այն աշխատանքներ, որոնք սովորաբար ավելի արագ եմ անում, ավելի պարզ սյուժեներ են»,- ասում է Ա. Փահլևանյանը: Նա նաև նշեց, որ գեղարվեստական ավելի մեծ արժեք ստեղծելու համար պետք է նաև հոգեբանորեն պատրաստվել. «Մինչև այս ձևը չփակեմ ընդմիշտ, որ նկարում եմ վաճառելու համար, նկարչության ուրիշ ձև չեմ կարող անել»:
Նա նշեց, որ չէր կարծում, որ այսքան երկար կմնա Վերնիսաժում. «Ճահճի մեջ ես, բայց ո՛չ խեղդվում ես, ո՛չ էլ թողնում է դուրս գալ»:
Վերնիսատում կանգնած «նկարիչ-վաճառողներից» շատերն են հուսահատ. գնորդներ չունեն: Իհարկե, պատճառը ոչ թե արվեստասեր հասարակությունն է նվազել, այլ հիմա մարդիկ հիմնականում կարողանում են իրենց օրվա կարիքները հոգալ: «Նկարիչ-վաճառողները», բնականաբար, «մտնում են մարդկանց դրության մեջ»՝ նույնիսկ չնչին գնով վաճառելով կտավները: Բայց թե ով պետք է մտնի իրենց դրության մեջ, դա արդեն չեն հասկանում: «Ես սա եմ կարողանում անել: Ես սիրով եմ նկարում»,- հպարտությամբ ասաց վերնիսաժում իր նկարները վաճառող նկարիչներից մեկը: