Փաստաբան Ռ. Բալոյան. Հրաչյա Հարությունյանը ճիշտ է կողմնորոշվել, այլապես կլինեին ավելի շատ զոհեր (Տեսանյութ)
Հրաչյա Հարությունյանը կարողացել է ճիշտ կողմնորոշվել, հակառակ դեպքում ավելի շատ զոհեր կլինեին: Ասուլիսում նման դիտարկում արեց փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը, ով պատրաստակամություն է հայտնել առանց որևէ վճարի դառնալ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը և մեկնել Մոսկվա, եթե վճարեն ճանապարհածախսը:
Հիշեցնենք, որ ՌԴ Պոդոլսկի Նոր Մոսկվա թաղամասում հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ»-ը բախվել է ուղևորներ փոխադրող ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսը երկու կեսի է բաժանվել, զոհվել են 18 մարդ, կան մի քանի տասնյակ վիրավորներ: Հարությունյանը չի ընդունում մեղքը` հայտարարելով, թե մեքենայի արգելակները չեն գործել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
«Հավանաբար «Կամազի» արգելակը խափանվել է մինչև խաչմերուկ մուտք գործելը: Տեսանյութից երևում է, որ Հրաչյա Հարությունյանը մինչև խաչմերուկ հասնելը կտրուկ ձախ շրջադարձ է կատարել: Համոզված եմ` եթե «Կամազը» ճակատ-ճակատի բախվեր ավտոբուսին, զոհերի քանակը կլիներ ավելի շատ: Մեր հայրենակիցը կարողացել է ճիշտ կողմոնորոշվել. բախումը եղել է կիսակողաշրջված վիճակում: Սա վարորդի բազմամյա փորձի հետևանք է, խրախուսելի քայլ մեր հայրենակցի կողմից»,- ասաց փաստաբանը:
Ռ. Բալոյանը նշեց, որ Հրաչյա Հարությունյանի մեղքը ապացուցված չէ. «Նախ պետք է կատարվեին համալիր փորձաքննություններ: Երբ լիներ դրանց եզրակացությունները, որով կապացուցվեր, որ նա կարող էր հայտնաբերել նշված անսարքությունը ու որևէ միջոց չի ձեռնարկել, համաձայն կլինեմ, որ նրա մեղքը կա: Քանի չկա այդ փորձաքննությունը, գործում է անմեղության կանխավարկածը»:
Ռ. Բալոյանի խոսքով, ռուսների կողմից պատրաստված որևէ տեսանյութում, հրապարակումներում տեղեկատվություն չկա, թե տրանսպորտային միջոցը ինչպես է հայտնվել Հարությունյանի մոտ, խոսք չկա անգամ, թե որևէ այլ անձ պետք է պատասխանատվություն կրի, թե ոչ:
Այստեղ թերևս նշենք, որ կան մի շարք հրապարակումներ և տեսանյութ, որտեղ խոսվել է այդ մասին:
Ըստ փաստաբանի, այսօր Հ. Հարությունյանը գտնվում է բարոյահոգեբանական ծանր վիճակում, ուստի այս գործում նրան կարող են աջակցություն ցուցաբերել հայ փաստաբանները .«Գտնում եմ, որ պետք է մեկ-երկու պաշտպան ուղարկվի»:
Նա կրկնեց, որ ինքը պատրաստ է անվճար փաստաբանական ծառայություն մատուցել, ուղղակի որոշակի ֆինանսական աջակցություն է հարկավոր: Ըստ նրա, այսօր ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ-ից բազմաթիվ քաղաքացիներ իրեն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան Բալոյանը պատրաստ է օգնել Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները