Ազատամարտիկը հացադուլը կդադարեցնի, եթե Ազատության հրապարակում 10 հազար մարդ հավաքվի (Տեսանյութ)
Մեր ապագան վտանգված է: Պետք է համխմբվենք ու 21-րդ դարը մերը դարձնենք: Ազատության հրապարակում այսօր նման կոչով համայն հայությանը դիմեց հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
«Ես հացադուլից դուրս կգամ հուլիսի 28-ին, ժամը 18:00-ին, պայմանով, որ այդ ժամին այստեղ` Ազատության հրապարակում կտեսնեմ հավաքված ևս 10 հազար հայի, որոնց համար թանկ է հայրենիքի ճակատագիրը, հակառակ դեպքում՝ շարունակելու եմ ևս տասը օր՝ նույն պայմանով»,- ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ դա կտևի այնքան ժամանակ, մինչև հայ մարդն իրենից կվանի պարտվողական հոգեբանությունը:
Ավետիսյանն ասաց, որ լցված է կյանքով, ավյունով, սիրում է հայրենիքն ու ընտանիքը, ապստամբության կոչ չի անում, կառավարության հրաժարական չի պահանջում. «Ժողովուրդը թող պահանջի, ասի, ով ինչ կարող է անել»,- ասաց նա, նկատելով, որ իրենց պետք է տեսնել ժողովուրդի աջակցությունը:
Հիշցնենք, որ ազատամարտիկները պահանջում են իրենց սոցիալական պայմանների բարելավում, նրանք հաճախ նստացույց են անում:
Երեկ նրանց ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել՝ ըստ գերատեսչությունների, և այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, և քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք», - նշել է կառավարության ղեկավարը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետի հանձնարարությամբ ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Մասնավորապես, քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի և ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ և նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի վերաբերյալ թանգարանային գործունեությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ: