Ադրբեջանի քրդեր. «Ուզում ենք, որ մեզ հետ համագործակցեն, մեզ տեր կանգնեն»
Ադրբեջանի քրդերը իրենց մշակույթի պահպանման և ձուլման քաղաքականությանը դիմակայելու համար հիմնել են Ադրբեջանի քրդական երիտասարդական միությունը: Այս մասին գրում է թուրքական «Diyarbakirhaber» լրատվական կայքը:
Միության նախագահ Նիջաթ Ջաբրաիլովը թուրքական կայքին տված հարցազրույցում պատմել է կազմակերպության գործունեության և ապագա ծրագրերի մասին:
Հարցազրույցում նա ասել է, որ 2011 թվականին կազմակերպության հիմնումը ադրբեջանական մամուլում մեծ արձագանք է գտել:
Ջաբրաիլովը նշել է, որ իրենք քաղաքական նպատակներ չեն հետապնդում և միայն մշակությաին ու հասարակական գործունեություն են ծավալում:
Լրագրողի այն հարցին, թե այսօր ինչ վիճակում են գտնվում Ադրբեջանի քրդերը, նա ասել է. «Ամենաշատ ձուլման ենթարկվողները Ադրբեջանի քրդերն են: Այսօր Ադրբեջանում 100 քուրդ երիտասարադից միայն 3-5-ն է քրդերեն խոսում: Օտարվել են սեփական մշակույթից և պատմությունից: Քրդերը Ադրբեջան գաղթելուց հետո երկրի 4 կողմերն են ցրվել, և սա երիտասարդ սերնդի վրա իր բացասական ազդեցությունն ունի: Ադրբեջանում չկա մի տեղ, որտեղ զանգվածաբար քրդեր ապրեն: Համակեցություն և միասնություն չունենք , այդ պատճառով էլ ասիմիլյացիան մեզ վրա ավելի արագ է ազդում»:
Ջաբրաիլովը, նշել է որ իրենք ցանկանում են հարաբերություններ հաստատել Քուրդիստանում և արտասահմանում ապրող քրդական կազմակերպությունների հետ: «Մեր` Ադրբեջանի քրդերիս մոտ մի պատկերացում կա, որ մենք Քուրդիստանում ապրող քրդերի կողմից մոռացված ենք: Ուզում ենք, որ մեզ հետ համագործակցեն, մեզ տեր կանգնեն: Նույնիսկ չգիտեն, թե Ադրբեջանում ինչքան քուրդ է ապրում: Չենք ուզում, որ մեզ այստեղ թողնեն, որ ասիմիլյացվենք», ասել է նա ու ավելացրել, որ չի կարելի ասել, թե միայն քրդերի են ասիմիլյացվում : Մյուս ժողովուրդների նկատմամբ էլ է այդ քաղաքականությունը տարվում:
Վերջում Ադրբեջանի քրդական երիտասարդական միությունը կոչ է արել քրդական լրատվամիջոցներին իրենց ուշադրությունը սևեռել Ադրբեջանում ապրող հազարավոր քրդերի խնդիրների վրա: