Թայիբ Էրդողան. Մոհամադ Մուրսին շարունակում է մնալ Եգիպտոսի նախագահ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անհնար է համարում նույնիսկ հեռախոսային կապը Եգիպտոսի միջազգային հարցերով փոխվարչապետ Մուհամմադ Էլ-Բարադեի հետ: «Իտառ-Տասս» գործակալության փոխանցմամբ` այս մասին վարչապետը նախօրեին հայտարարել է Անկարայում:
«Ինչպե՞ս եմ քեզ հետ շփվելու», - հեռակա կարգով դիմել է նա էլ-Բարադեին: «Դու չես ընտրվել, քեզ նշանակել է կառավարությունը, որն իշխանության է եկել հեղաշրջման արդյունքում: Ես Եգիպտոսի նախագահ եմ համարում Մուրսիին, քանի որ հարգում եմ այդ երկրի ժողովրդին: Եթե Էլ-Բարադեյն էլ ընտված լիներ, ես այսօր նույնը կասեի նրա հասցեին: Սակայն նա չի ընտրվել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետն հայտարարել է նաև, թե եգիպտացիները հանգիստ չեն նստելու և «արդեն այսօր միասնական ճակատով սկսել են օրինական և հարգանքի արժանի պայքար՝ ընդդեմ հեղաշրջման»:
Հիշեցնենք՝ հունիսի 4-ին Եգիպտոսի բանակի կողմից նախկին նախագահ Մոհամադ Մուրսիի իշխանությունից հեռացնելուց հետո թուրքական իշխանության ներկայացուցիչները, այդ թվում վարչապետի և արտգործնախարարի մակարդակով, մինչ օրս հայտարարում են, թե Եգիպտոսում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի հեռացումն անօրինական է և մեծ վնաս կհասցնի ինչպես երկրի տնտեսությանը, այնպես էլ ժողովրդավարական գործընթացներին:
Եգիպտական իշխանություններն արդեն մի քանի անգամ մեղադրել են Թուրքիային երկրի ներքին գործերին միջամտելու համար: